Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ԱԺ-ի նախագահի թեկնածուին կառաջադրի Աբրահամյանի պաշտոնական հրաժարականից հետո


Իշխող Հանրապետականը դեռեւս չի շտապում ասել, թե ով է լինելու խորհրդարանի հաջորդ նախագահի իր թեկնածուն, չնայած որ մամուլը այդ պաշտոնում առավել հաճախ շրջանառում է ԱԺ-ի Հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանի անունը:

Հանրապետականները, սակայն, պնդում են, որ այս հարցը իրենք դեռեւս չեն քննարկել: Մասնավորապես Հանրապետական պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ խորհրդարանի հաջորդ նախագահի թեկնածուի հարցը որոշվելու է կուսակցության քաղխորհրդի նիստում` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Չի բացառվում, որ իշխող կուսակցությունն այս հարցի քննարկման անդրադառնա հաջորդ շաբաթ:

«Ես բավականին խորը հարգանք ունեմ պարոն Նիկոյանի անձի նկատմամբ, բայց ես պետք է մեկ անգամ եւս փաստեմ, որ մեր խորհրդում դեռեւս այդ հարցը չի քննարկվել, եւ զերծ կմնամ որեւէ մեկնաբանություններ անելուց: Սովորաբար նախագահն է հրավիրում նիստը եւ նա է առաջարկում, եւ առաջարկի հետ կապված ծավալվում են քննարկումներ, եւ եթե մինչ օրս գործադիրի նիստում նման հարց չի քննարկվել, եւ հետեւաբար նաեւ խորհրդի նիստում չի քննարկվել այն», - ասաց Սահակյանը:

Հարցին, թե ինչո՞ւ չի շտապում Հանրապետականը, Սահակյանը պատասխանեց. - «Քանի դեռ երկուշաբթին չի եկել, եւ 5 օր անց չի հաստատվել պարոն [Հովիկ] Աբրահամյանի հրաժարականը, չեմ կարծում եմ, որ այս պահին կոռեկտ է այդ հարցը քննարկել»:

Նշենք, որ եկող երկուշաբթի մեկնարկող ԱԺ-ի քառօրյայի առաջին նիստում Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականի դիմումը: ԱԺ-ի կանոնակարգ-օրենքի համաձայն` խորհրդարանի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է ԱԺ-ի առաջիկա նիստում: 5-օրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում, ԱԺ- ի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված:

Խորհրդարանական ընդդիմությունը այնքան էլ չի կարեւորում, թե Հանրապետականը իր շարքերից ում կառաջադրի ԱԺ-ի նախագահի թեկնածուի պաշտոնում: «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ասում է` Ազգային ժողովի նորանշանակ նախագահը ով էլ որ լինի, քաղաքական բոլոր ուժերի համար նախընտրական շրջանում պետք է ապահովի ազատ մրցակցային դաշտ:

«Եթե «Ժառանգություն»-ը չէ, ինձ համար բացարձակ մեկ է, թե ով կլինի: Այսինքն ով էլ լինի, մենք նրան աշխատացնելու ենք իրենց հայտարարությունների շրջանակի մեջ: Եթե հայտարարել են, որ լինելու են այսպիսի ընտրություններ` ազատ, արդար եւ այլն, 20 տարվա մեջ չեղած ընտրություններ, ուրեմն մենք կառչելու ենք այդ յուրաքանչյուր բառից, եւ ով էլ լինի ԱԺ-ի նախագահը, պահանջելու ենք այս բանը: Մենք` ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերս, խմբակցություններս մոտակա հինգ ամիսներին նետվելու ենք հախուռն նախընտրական ընթացքի մեջ, եւ ԱԺ-ի նախագահը պետք է բոլոր քաղաքական ուժերի համար` եւ արտախորհրդարանական, եւ խորհրդարանական, ապահովի հավասար մրցակցային դաշտ», - ասաց Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Բախշյանը տեղեկացրեց, որ այս օրերին «Ժառանգություն»-ը իր հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Սյունիքում հանդիպումներ է ունենում տեղի բնակչության հետ, ու չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հայտարարում է, որ իշխանությունը նպատակ ունի անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում, սակայն ամենափոքր հարցերում ընդդիմադիր պատգամավորները հանդիպում են տարբեր խոչընդոտների: Օրինակ, Բախշյանի խոսքով, Գորիսում, ընդդիմադիր պատգամավորի կողմից փակցված իրազեկման թռուցիկները անմիջապես պատռվում կամ հանվում են:

«Մենք փակցրել ենք հայտարարություններ, թռուցիկներ Գորիսում, 2 ժամ հետո գալիս ենք, տեսնում ենք մեր հետեւից պատռած են դրանք: Ես չգիտեմ, թե դա ո՞ւմ թելադրանքով է արվել կամ ո՞վ է արել, բայց հատուկ շրջեցի եւ տեսա, մի տեղ պատռած, մի տեղ ընդհանրապես չկա… սա արդեն ձեռագիր է», - ասաց Բախշյանը:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության` Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, անդրադառնալով ԱԺ-ի նախագահի ընտրության հարցին, նշեց, որ որ խորհրդարանի հաջորդ նախագահը պաշտոնավարելու է ընդամենը 5 ամիս, որը համընկնելու է նաեւ խորհրդարանական ընտրությունների նախընտրական լարված շրջանի հետ, եւ այս առումով շատ կարեւոր է, որպեսզի ԱԺ-ի ղեկավարը կարողանա ապահովել խորհրդարանի բնականոն ընթացքը: Նիկոյանի թեկնածության մասին Մինասյանն ասաց, իր կարծքով, նա կկարողանա արդյունավետ աշխատել:

«Իմ անձնական դիտարկումը հետեւյալն է` աշխատելով Սամվել Նիկոյանի հետ, ես կարծում եմ, որ իսկապես նա այն տեսակն է, ով կկարողանա ոչ միայն որոշակի համերաշխություն մտցնել, այլ նաեւ արդյունավետ աշխատանք ծավալել, որովհետեւ տեսել եմ նրա աշխատանքը Մարտի մեկի հանձնաժողովում, կազմակերպչական ունակությունը եւ նաեւ ճշմարտության միտված նրա ձգտումը», - ասաց դաշնակցական պատգամավորը:

please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG