Մատչելիության հղումներ

580 ընտանիքներ արդեն օգտվում են «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագրից


Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով, «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու համար հիպոթեքային վարկ է ստացել շուրջ 580 երիտասարդ ընտանիք:

Փոխնախարար Արսեն Քարամյանը վստահեցնում է, որ ծրագիրը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի:

Նկատենք, որ ծրագրով առաջարկվող պայմանների պարագայում երիտասարդ ընտանիքը պետք է ունենա ամսական առնվազն 340 հազար դրամ եկամուտ: 2008 թվականին մեկնարկած այս ծրագրին շատերն են դիմել, սակայն ոչ բոլորն են վճարունակ եղել:

«Ընդհանուր դիմողների մոտ 25-30 տոկոսը սովորաբար վարկունակ չեն լինում: Ավելի շատ մերժումները լինում էին ծրագրի սկզբնական փուլում, երբ մարդիկ պակաս ինֆորմացված էին: Այս փուլում մարդիկ շատ ճշգրիտ հաշվարկում են իրենց եկամուտները եւ, համաձայն մեր կառավարության որոշման, հստակ իրենց համար տեսանելի է դառնում իրենց հնարավոր վարկունակության խնդիրը», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Քարամյանը:

Նա հստակեցրեց, թե որքան գումար պետք է վճարվի, ասենք, երկսենյականոց բնակարան ձեռք բերելու համար. - «Ամսական պետք է պատրաստ լինեք մոտավորապես 230-260 հազար դրամի տիրույթում գումար վճարել… Բայց մեր կարգի համաձայն, ընդունվում է նաեւ համաստորագրման մեխանիզմը: Այսինքն` երիտասարդի համար կարող է ֆինանսական երաշխիք դառնալ նաեւ ծնողների, հարազատների մասնակցությունը»:

Ծրագրի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքները հայտնեցին երիտասարդ երեւանցիները:
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG