Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բնակչության թիվն աճում է


Լեռնային Ղարաբաղում բնակչության աճի միտում է նկատվել:

«Ծնունդների թիվը հանրապետությունում կազմել է 1995, մահվան դեպքերը` 988: Արդյունքում մենք ունենք 1007 մարդ բնական աճ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության խորհրդի նախագահ Մանուշ Մինասյանը:

Ըստ վիճակագրական տվյալների, վերջին երեք տարում Ղարաբաղում ծնվածների մեջ գերակշռում են արու զավակները:

Լեռնային Ղարաբաղում տարածված են Գոռ, Դավիթ, Տիգրան, Աննա, Անի, Մանե անունները:

«Մինչեւ մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերը հազար կենդանածինի հաշվով, ինն ամսվա կտրվածքով, կազմել է 25 դեպք` նախորդ տարվա 26-ի փոխարեն», - հայտարարեց Մինասյանը` հավելելով, որ նվազել են նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը:

Այս տարի նվազել է Լեռնային Ղարաբաղում գրանցված ամուսնությունների թիվը, մինչդեռ աճել է ամուսնալուծությունների թիվը. - «Հանրապետությունում, ինն ամսվա կտրվածքով, գրանցվել է 594 ամուսնություն, ինչը 123-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, եւ 126 ամուսնալուծություն, ինչը 30-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Փաստորեն, 100 նոր գրանցված ամուսնություններին բաժին է ընկել 21 ամուսնալուծություն»:

Վիճակագիրները փաստում են, որ Լեռնային Ղարաբաղից արտագաղթ չկա. հակառակը` գնալով ավելանում է Ղարաբաղի տեղափոխվողների թիվը:

«Հանրապետություն եկողների թիվը, ինն ամսվա կտրվածքով, կազմել է 838 մարդ, մեկնողների թիվը` 514 մարդ, մեխանիկական հավելաճը 324 մարդ: Ցուցանիշները մենք ամփոփում են ԼՂ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային բաժինների կողմից տրամադրված կտրոնների հիման վրա: Այլ հաշվառում այս պահի դրությամբ մենք չունենք», - ասաց Մանուշ Մինասյանը:
please wait

No media source currently available

0:00 0:02:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG