Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնա Հունաստանի նոր վարչապետի անունը


Աթենք -- Հունաստանի վարչապետը (ձ), նախագահը (կ) եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը(աջ) հանդիպում են նախագահի նստավայրում, 6 նոյեմբեր, 2011
Աթենք -- Հունաստանի վարչապետը (ձ), նախագահը (կ) եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը(աջ) հանդիպում են նախագահի նստավայրում, 6 նոյեմբեր, 2011
Հունաստանի 5 լիդերներին հորդորում են ընդունել ծրագիրը

«Մենք ունենք ազգային միասնության եւ ազգային պատասխանատվության նոր կառավարություն, դա է երկրի վերակառուցմանն ուղղած ծրագրին մեր նվիրումի եւ ազգային կարողության ապացույցը», - այս հայտարարությամբ երեկ ուշ երեկոյան հանդես է եկել Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիցելոսը։

Մինչդեռ, կառավարությունը նոր վարչապետ չունի, նրա անունը կորոշվի մինչեւ այս կեսգիշեր։ Հեռացող վարչապետ Գեորգե Պապանդրեուն եւ ընդդիմության լիդեր Անտոնիս Սամարասը շարունակում են բանակցությունները։ Նրանք համաձայնել են կազմել անցումային կառավարություն, որը եւ խորհրդարանում կանցկացնի եւ կիրականացնի երկրի ֆինանսական փրկության համար եվրոպացիների տրամադրած 130 միլիարդ եվրոյի ծրագիրը։

Առանց այդ հսկայական պարտքի, որի կեսն, ի դեպ, Եվրամիությունը ներելու է, Հունաստանը պարզապես կսնանկանա, ինչը ավերիչ հարված կհասնի Եվրոպայի ամբողջ ֆինանսական համակարգին։

Եվրամիությունը Հունաստանի առաջատար հինգ քաղաքական գործիչներին կոչ է անում ստորագրել նամակ, որով նրանք պարտավորվելու են ընդունել 130 միլիարդ եվրոյի փաթեթը եւ իրագործելու են անհրաժեշտ բարեփոխումներն, այդ թվում պետական միջոցները խստորեն խնայելու եւ ծախսերը սահմանափակելու ծրագիրը։

Եթե առաջատար հնգյակը ստորագրի պարտավորությունն, ապա Եվրամիությունը կհատկացնի ֆինանսական աջակցության առաջին չափաբաժինը` 8 միլիարդ եվրոն, որը հիրավի թթվածնի արժեք ունի խեղդամահ վիճակում գտնվող Հունաստանի Կենտրոնական բանկի համար։

Քաղաքական ճգնաժամը մեկնարկել է այն բանից հետո, երբ վարչապետ Պապանդրեուն շատերի ու նախեւառաջ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների համար անսպասելի հայտարարեց, թե հանրաքվեի է ներկայացնելու 130 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը, որին Եվրամիությունը մինչ այդ հավանություն է տվել ժամեր տեւած բուռն քննարկումների արդյունքում։

Պապանդրեուն հետագայում հրաժարվել է հանրաքվեի գաղափարից, քանի որ ընդդիմության ղեկավար Սամարասն իր աջակցությունն էր հայտնել Եվրամիության ծրագրին։

Անցած կիրակի օրը երկու լիդերները համաձայնության են եկել, պայմանավորվելով, որ Պապանդրեուն կհեռանա եւ իշխող ու ընդդիմադիր ուժերը ժամանակավոր կառավարություն կկազմեն։

Վարչապետության հավանական թեկնածուներն են Եվրոպական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմոսն ու Եվրամիության օմբուդսմեն Նիկիֆորտոս Դիամանտոսը։

Բերլուսկոնիի աջակիցներից շատերը նրանից երես են թեքել

Բուռն իրադարձություններ են ենթադրվում նաեւ Իտալիայում, որտեղ աստիճանաբար ե'ւ ֆինանսական ճգնաժամն է սրվում, ե'ւ հզորանում է ճնշումը, որը վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի վրա գործադրում են նրա հրաժարականը պահանջող քաղաքական շրջանակները։ Նույնիսկ Բերլուսկոնիի ամենամտերիմ դաշնակիցը համարվող Ումբերտո Բոսսին է ասել, թե վարչապետին հորդորել է հեռանալ։

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնի
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնի
Սակայն 75-ամյա վետերանը դեռ մնում է անդրդվելի։ «Ես չեմ հեռանում»` այս վերնագրով է լույս տեսել «Il Giornale» հանդեսը, որը ներկայիս վարչապետի երդվյալ աջակիցն է։ Հանդեսը ղեկավարում է Բերլուսկոնիի եղբայրը։

Իր իսկ առաջնորդած «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամներից շատերը երես են թեքել վարչապետից։

«Կուզենամ, որ իմ աչքերին նայեն նրանք, ովքեր ինձ դավաճանում են», - ասել է Բերլուսկոնին։

Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, ճգնաժամը սպառնում է ոչ միայն Իտալիային, այլեւ Իսպանիային եւ Պորտուգալիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG