Մատչելիության հղումներ

Ըստ գերմանացի հետախույզի` Պուտինը ծեծում էր կնոջը եւ դավաճանում նրան


Ռուսաստան - Վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ նրա կինը` Լյուդմիլա Պուտինան Նովո-Օգարյովոյի իրենց նստավայրում մասնակցում են մարդահամարին, հոկտեմբեր, 2010թ.
Ռուսաստան - Վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ նրա կինը` Լյուդմիլա Պուտինան Նովո-Օգարյովոյի իրենց նստավայրում մասնակցում են մարդահամարին, հոկտեմբեր, 2010թ.
Մինչ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, նոր մանրամասներ են ի հայտ գալիս նրա անձնական կյանքի վերաբերյալ:

Էրիխ Շմիդտ-Էենբումը, ով Գերմանիայում գաղտնի ծառայությունների ոլորտում առաջատար փորձագետ է, որոշ դրվագներ է բացահայտել Պուտինի ընտանեկան կյանքի վերաբերյալ:

Ըստ նրա, այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը ծառայում էր Դրեզդենում խորհրդային Պետական անվտանգության կոմիտեում` Կագեբեում, Գերմանական արտաքին հետախուզության ծառայությունը կարողացել է իր գործակալին ներդնել Պուտինի մերձավոր շրջապատ:

Գերմանացի կին հետախույզը, որ աշխատում էր Լենոչկա անվան տակ, կարողացել է ընկերանալ Պուտինի կնոջ` Լյուդմիլայի հետ։ Վերջինս պատմել է, որ ամուսինը իրեն ծեծում է եւ դավաճանում, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցել է Էրիխ Շմիդտ-Էենբումը:

«Լենոչկան կարճ ժամանակում ընկերացել է Լյուդմիլա Պուտինայի հետ եւ դարձել նրա համար վստահելի անձնավորություն: Լենոչկան հաճախ է հյուրընկալվել Պուտինների տանը, եւ Լյուդմիլան պատմել է նրան, որ Վլադիմիրը հաճախ է ծեծում իրեն եւ հաճախ է դավաճանում այլ կանանց հետ», - ասել է Շմիդտ-Էենբումը։

Շմիդտ-Էենբումը, ում բացահայտումներն առաջին անգամ հրապարակվել են Berliner Zeitung գերմանական պարբերականում, հերքել է, թե տեղեկատվությունը իրեն տրվել է հատուկ Պուտինին վարկաբեկելու համար` հենց այն ժամանակ, երբ վերջինս հայտարարել է նախագահական աթոռին վերադառնալու իր որոշման մասին:

Նա ասում է, որ Լենոչկայի պատմությունը լսել է դեռ մի տարի առաջ` գերմանական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից:

«Որպես լրագրող` ես, իհարկե, երկրորդ աղբյուրի կարիքն ունեի, եւ մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի Սահմանադրության պահպանության գերմանական վարչության աշխատակիցների հետ, որոնք ժամանակին տիրապետել են տեղեկատվությանը, նրանք եւս հաստատեցին դա», - նշել է Շմիդտ-Էենբումը։

Լենոչկան, պատմում է նա, Բալթյան երկրներում մեծացած գերմանացի էր, շատ վարժ տիրապետում էր ե՛ւ գերմաներենին, ե՛ւ ռուսերենին, կրկնակի գործակալ լինելու համար անհրաժեշտ տվյալներն ուներ, խորհրդային Կագեբեում աշխատում էր որպես թարգմանիչ, միեւնույն ժամանակ Գերմանիայի Դաշնության հետախույզ էր:

Շմիդտ-Էենբումը նշում է, որ գերմանական հետախուզությանը մեծ դժվարությամբ էր հաջողվում իր գործակալներին ներդնել խորհրդային Կագեբե, Լենոչկայից բացի միայն մեկին է հաջողվել 80-ականներին Կագեբեում բարձր դիրք զբաղեցնել:

Ու չնայած Լենոչկայի առջեւ խնդիր էր դրված` տեղեկություններ հավաքել Արեւելյան Գերմանիայում Կագեբեի ռազմական եւ տնտեսական գործունեության մասին, նա ակամա դարձել է Պուտինների ընտանեկան դրամայի վկան:

Շմիդտ-Էենբումն ասում է` այդ ժամանակ, բնականաբար, Պուտինին վերաբերող տեղեկությունները ամենակարեւորներից չէին:

«Իհարկե, տեղեկությունները, որ վերաբերում էին Պուտինին, ով Դրեզդենում ծառայելիս հասավ փոխգնդապետի աստիճանի, արեւմտյան հետախույզների հատուկ ուշադրությանը չէին արժանացել, եւ որոշ ժամանակ անց Պուտինի մասին տեղեկություններով թղթապանակը հավանաբար կոչնչացվեր, եթե նա այդքան սրընթաց քաղաքական կարիերա չունենար: Դրանից հետո Պուտինին վերաբերող յուրաքանչյուր մանրուք դարձավ հետաքրքիր», - ասում է Գերմանիայում գաղտնի ծառայությունների ոլորտում առաջատար փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG