Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարին


Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիա
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիա
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիային:

Ըստ կառավարության լրատվության վարչության հաղորդագրության` վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը եւս մեկ քայլ կհանդիսանա երկկողմ հարաբերությոնների զարգացման եւ ամրապնդման գործում:

«Հայաստանը եւ Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ: Մեր միջեւ առեւտրափոխադրումների բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, քանի որ այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Այս առումով, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրամիության օժանդակությամբ շուրջ 42 մլն եվրո է ներդրվելու մեր երկրի երեք սահմանային անցակետերը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար», - ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ժամանակակից անցակետերը հնարավորություն կտան ավելի հեշտ իրականացնել մաքսազերծման գործընթացները եւ քաղաքացիներին մատուցել բարձր մակարդակի ծառայություններ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջարկվելու է վրացական կողմին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել նաեւ միասնական մաքսային կետերի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա դյուրացնել մաքսազերծման գործընթացը, երկկողմ սահմանի հատումը եւ այլն:

Իր հերթին, Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով նոր համատեղ ծրագրերի իրականացման հարցերը եւս կդառնան նոյեմբերի 17-18-ին Թբիլիսում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկման առարկա:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մեղրիից Բաթումի ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կիլոմետրով կկրճատի Իրանից դեպի Սեւ ծով ընկած ճանապարհի երկարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության եւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG