Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին


Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ը, հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետները, մասնավորապես «անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը»:

«Որպես Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալի, նախագահ Տեր-Պետրոսյանը ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը», - ասվում է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀԱԿ-ի առաջնորդը ներկայացրել է նաեւ ՀԱԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը եւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG