Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւի վարչակարգը պատժել է անվանի գիտնականին


Ադրբեջանցի գիտնական Ռաֆիկ Ալիեւը
Ադրբեջանցի գիտնական Ռաֆիկ Ալիեւը
Ադրբեջանցի անվանի գիտնական, Նավթային ակադեմիայի պրոֆեսոր Ռաֆիկ Ալիեւին ազատել են ակադեմիայի արտադրական գործընթացների ավտոմատացման ամբիոնի վարիչի պաշտոնից։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, այդ ամբիոնը 22 տարի առաջ հենց Ռաֆիկ Ալիեւն է ստեղծել։ Նա ավելի քան 70 գիտական աշխատությունների հեղինակ է եւ Նավթային ակադեմիայում 53 տարի է աշխատում։

Նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմը գիտնականին պատժել է նոյեմբերի 4-ին Մտավորականների համաժողովում արտասանած ելույթի համար։

Գիտնականն ասել է, որ Ադրբեջանում բարդ իրավիճակ է, այն կարող է հանգեցնել քաղաքացիական դիմակայության։ Դրանից խուսափելու համար, պրոֆեսորի համոզմամբ, իշխանությունը եւ հասարակությունը պարտավոր են երկխոսություն սկսել։

Ռաֆիկ Ալիեւը դատապարտել է Facebook-ով բողոքի ակցիաների կոչեր հրապարակած երիտասարդ ակտիվիստ Բախթիյար Հաջիեւին բանտ նետելու փաստը։

Երիտասարդը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, պատգամավորության նախկին թեկնածու։ Այս տարվա մայիսին նրան դատապարտել են երկու տարվա ազատազրկման` մեղադրելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

Հաջիեւի աջակիցները համոզված են, որ իշխանություններն ընդամենը վրեժ են լուծել երիտասարդից` սոցիալական ցանցերի միջոցով իշխանություններին պարբերաբար քննադատելու համար։

«Պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է Հարվարդի շրջանավարտին բանտ նետել», - ասել է Ռաֆիկ Ալիեւը Մտավորականների համաժողովում։

Այդ հայտարարությունն աննկատ չի մնացել. օրեր անց Ալիեւին ազատել են ամբիոնի ղեկավարի պաշտոնից, սակայն թողել են ակադեմիայում։

«Ես համոզված եմ, որ Ռաֆիկ Ալիեւին պատժելու որոշումը Նավթային ակադեմիայի ռեկտորինը չէ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի նկատմամբ այդ կարգի որոշումը խայտառակություն է, ակադեմիայի վրա ճնշում են բանեցրել», - ասել է Մտավորականների համաժողովի նախագահ Էլդար Նամազովը։

«Կովկասյան հանգույց» լրատվական կայքի փոխանցմամբ, ինքը Ռաֆիկ Ալիեւը վերջերս իր ելույթներից մեկում խոսել է «արաբական գարնան» մասին։

«Արաբական աշխարհում նախեւառաջ արդարություն էին պահանջում։ Լիբիայում մարդիկ հաստատ սոված չէին։ Անարդարությունն է հունից հանում քաղաքացիներին, եւ ես կարծում եմ, երիտասարդներն են առաջնորդելու այդ շարժումները», - ասել է պրոֆեսորը։

Մտավորականության համաժողովի անդամ, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը պրոֆեսորին պատժելը մեկ բառով է որակել` սարսափ։

«Մտավորականությունը կենդանի ցավ է, եւ մեր առաքելությունն է` արտահայտել ժողովրդի ցավը», - ասել է Իբրահիմբեկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG