Մատչելիության հղումներ

Րիդլի Սքոթի «Life in a Day» ֆիլմի առաջին կադրերը նկարահանվել են Հայաստանում


2010 թվականի հուլիսին աշխարհահռչակ պրոդյուսեր եւ ռեժիսոր Րիդլի Սքոթը հայտարարեց, որ հուլիսի 24-ին YouTube-ում տեղադրված ցանկացած տեսանյութ օգտագործվելու է վավերագրական ֆիլմ ստեղծելու համար:

«Ֆիլմը պետք է լինի անձնական, ահա թե ինչ ենք փնտրում: Իմ առաջին ֆիլմը, որ նկարահանել եմ, պատմում էր իմ կյանքի մեկ օրվա մասին: Սկզբում մտածում էի, թե ինչ նկարեմ, հետո հասկացա, որ ուղղակի կնկարահանեմ իմ կյանքի մեկ օրը` թե ինչպես որոշեցի չգնալ դպրոց, որովհետեւ չէի սիրում այն: Այնպես որ, չնկարահանելու համար ոչ մի արդարացում չունեք: Դուք ունեք տեսախցիկ, դուրս եկեք եւ նկարեք ձեր ֆիլմը ՝ ձեր օրը կամ լուսաբացը կամ մայրամուտը», - ասաց Րիդլի Սքոթը Youtube-ից աշխարհի մոտ 6 միլիարդ բնակչությանը՝ քաջալերելով նրանց իրենց կյանքի մեկ օրվա մասին ֆիլմ նկարահանել:

Նրա կոչը լսեցին նաեւ Երեւանում: Ռեժիսոր Լիլիթը հրավիրեց դերասան Արսեն Գրիգորյանին` ֆիլմ նկարահանելու մի մարդու մասին, ում համար կյանքի լավագույն օրը հուլիսի 24 է:

«Ֆիլմը մի հերոսի մասին է, ում համար այդ օրը լավագույն օրն է: Թե ինչու է լավագույնը, դրա մասին չենք խոսում: Այս ամենը նրանց գրավել էր, ու նույնիսկ ֆիլմի պաստառների վրա գրված է եղել իմ հերոսի արտահայտությունն այն մասին, որ սա լավագույն օրն է: Ֆիլմի մասին լույս տեսած հոդվածներից ոմանք եւս վերնագրված են եղել «Լավագույն օրը» արտահայտությամբ», - ասաց դերասան Արսեն Գրիգորյանը:

2010 թվականի հուլիսի 24-ին YouTube-ում տեղադրվեցին մոտ 3.5 րոպեանոց տեսանյութ, որից մոտ մեկ րոպեն ներառվել է ֆիլմի մեջ: Նկարահանել են գիշերվա ընթացքում, Սիրահարների այգում:

«Մեզնից պահանջվել է տեսախցիկ եւ գարեջուր: Հիշում եմ, երբ գարեջուր էինք գնում, ասացի` դե, ամեն դեպքում Րիդլի Սքոթի համար ենք նկարահանում, արի թանկ գարեջուր գնենք», - պատմեց Արսեն Գրիգորյանը:

Նկարահանված 80 հազար «մեկ օրվա կյանքերից» ստեղծվել է մեկուկես ժամանոց վավերագրական ֆիլմ, որը հիմնադիրները բնութագրում են որպես պատմական կինոէքսպերիմենտ: Ընդհանուր առմամբ ստացել են 4500 ժամ տեւողությամբ տեսանյութեր 192 երկրներից:

«Ռեժիսորը իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով իմ կերպարին, ասել էր, որ կարծես գտել են ֆիլմի զարկերակը՝ ի դեմս մի երիտասարդի, ով նստած է նստարանին եւ ասում է, որ իր համար դա լավագույն օրն է», - նշեց Արսեն Գրիգորյանը:

Ֆիլմի ռեժիսորըօսկարակիր Քեվին Մըքդոնալդն է, պրոդյուսերը` աշխարհահռչակ ռեժիսոր եւ պրոդյուսեր Րիդլի Սքոթը:

Ֆիլմը հետեւում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող, տարբեր հավատքի եւ ազգության մարդկանց մեկ օրվա կյանքին՝ Հնդկաստանից մինչեւ ԱՄՆ, Ֆիլիպիններից մինչեւ Հայաստան: «Մենք փորձում ենք ֆիլմ ստեղծել աշխարհի մասին եւ այն մասին, թե ինչ է նշանակում մեկ օր ապրել»,- ասել է Մըքդոնալդը:

Ֆիլմի պրեմիերան 2011 թվականի հունվարին էր Սանդենսի ֆիլմերի փառատոնին, որը նաեւ ուղիղ եթերով հեռարձակվել է YouTube-ով ամբողջ աշխարհով: Իսկ DVD-ների վաճառքը կսկսվի նոյեմբերի 8-ից:

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG