Մատչելիության հղումներ

Մակարեւիչին զայրացրել է «Եդինայա Ռոսիա»-ի տգեղ արարքը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Անդրեյ Մակարեւիչի հետ «Ռիթմ ընդ Բլյուզ» սրճարանում, 12 հոկտեմբեր, 2010
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Անդրեյ Մակարեւիչի հետ «Ռիթմ ընդ Բլյուզ» սրճարանում, 12 հոկտեմբեր, 2010

Ռուսաստանում, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում մեծ ժողովրդականություն վայելող «Մաշինա վրեմենի» ռոք-խումբը ակամա դարձել է իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի էժան PR արշավի մասնակից։

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում տեղի կունենան Պետական դումայի ընտրությունները, եւ քաղաքական կուսակցություններն ու հատկապես վարչական անսպառ լծակներ ունեցող «Եդինայա Ռոսիա»-ն արդեն սկսել են պայքարը քվեների համար։

Անցած հինգշաբթի օրը` նոյեմբերի 3-ին, Կեմերովոյում «Մաշինա վրեմենի» խմբի համերգի ընթացքում բեմ է բարձրացել մի երիտասարդ եւ ողջունելով երաժիշտներին, հայտարարել է, թե համերգը տեղի է ունենում «Եդինայա Ռոսիա»-ի եւ «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» հովանու ներքո։

Երկրպագուներից շատերը սկսել են սուլել եւ պահանջել են վերադարձնել տոմսի գումարը։ Խմբի լիդերը` կիթառահար եւ մեներգիչ Անդրեյ Մակարեւիչը ավելի ուշ ասել է, թե ե'ւ իր, ե'ւ մնացած երաժիշտների համար տեղի ունեցածը անսպասելի էր, եւ որ հայտարարությամբ հանդես եկած երիտասարդը անվտանգության աշխատակիցներին ու մենեջերներին խաբելով է բեմ բարձրացել։

Մակարեւիչի խոսքերով, համերգից առաջ խմբին դիմել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեւեի վարչակազմի ներկայացուցիչը եւ հայտնել է, թե մարզի ղեկավարությունը ցանկանում է երաժիշտներին հանձնել պատվո նշաններ «արվեստում մեծ ներդրումի եւ հանքափորների համակրանքին արժանանալու համար»։ Մակարեւիչն էլ ասել է. - «Լավ, եթե ուզում եք պարգեւատրել, ինչ անենք, չենք մերժի, չենք նեղացնի, միայն թե թող կարճ տեւի»:

Եվ ահա պատվո նշանները հանձնելուց առաջ այդ երիտասարդը սկսել է «Եդինայա Ռոսիա»-ի եւ Ժողճակատի քարոզն անել։ Հանդիսատեսները սուլել են, եւ երիտասարդը, արագ-արագ հանձնելով նշանները, անմիջապես հեռացել է։

Մակարեւիչը «Սնոբ» հանդեսում այսպիսի գրություն է տեղադրել. - «Պարոնայք նահանգապետեր, քաղաքապետեր, նրանց տեղակալներ, բացառապես բոլոր քաղաքական շարժումների ներկայացուցիչներ, խնդրում ենք մեզ չպարգեւել, պատվո նշաներ չշնորհել, բեմ դուրս չգալ եւ մեր ֆոնի վրա ագիտացիայով չզբաղվել գոնե մինչեւ ընտրությունները։ Այլապես մեկը մի բան ասաց, եւ մենք էլի թրիքի մեջ ենք»։ (Մակարեւիչը «թրիքի» փոխարեն ավելի դիպուկ բառ է գործածել):

Խմբի բաս-կիթառահար Եվգենի Մարգուլիսն էլ հաստատել է, որ տեղի ունեցածը սադրանք էր։

«Բայց ի՞նչ կարող էինք անել, հո հայհոյելով չէ՞ինք վռնդելու բեմից», - ասել է երաժիշտը։

«Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Վալերի Ռյազանսկին տեղի ունեցածն անվանել է «տհաճ պատահականություն»։

Մինչդեռ ռուսաստանյան շոու-բիզնեսի աշխարհում հեղինակություն վայելող երաժշտական քննադատ Արտեմի Տրոյիցկին քննադատել է «Մաշինա վրեմենի»-ի երաժիշտներին, ասելով, թե նրանք պետք է տեղում բացահայտեին ստախոս երիտասարդին:

«Եթե Անդրեյ Մակարեւիչը չի գործել իշխանությունների հետ համատեղ, ապա պարտավոր էր հենց բեմից հայտարարել, որ կապ չունի «Եդինայա Ռոսիա»-ի հետ: Եթե այդպես չի արել, ուրեմն կա'մ վախեցել էր, կա'մ էլ պատրաստ էր նման հայտարարության: Թե' մեկը, եւ թե' մյուսը պատվաբեր չեն», - ասել է Տրոյիցկին։

Ինքը Մակարեւիչնը տարբեր ելույթներում մշտապես պնդել է, որ ոչ իշխանամետ է, ոչ էլ ընդդիմադիր։ Միաժամանակ նա համակրանքով է խոսել նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասին, ռուսաստանցի մի խումբ ռոքերների հետ անցած տարվա հոկտեմբերին Մոսկվայի «Ռիթմ Էնդ Բլյուզ» սրճարանում մասնակցել է նրա հետ հանդիպմանը։ Մակարեւիչն ասել է, որ վարչապետ Վլադիմիր Պուտինին էլ շատ հարգում է, սակայն չի ողջունում Կրեմլ վերադառնալու նրա մտադրությունը։

Անցած տարվա դեկտեմբերին Անդրեյ Մակարեւիչը ստորագրել է գործարար Միխայիլ Խոդորկովսկուն բանտից ազատ արձակելու կոչով մի խումբ հասարակական գործիչների եւ արվեստագետների նամակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG