Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Հնդկաստանը քննարկում են համագործակցության շրջանակները


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը (ձ) եւ Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը ճեպազրույցի ժամանակ, 7 նոյեմբեր, 2011
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը (ձ) եւ Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը ճեպազրույցի ժամանակ, 7 նոյեմբեր, 2011
Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունները մտադիր են զարգացնել համագործակցության շրջանակը տնտեսության տարբեր ոլորտներում` դեղագործություն, թեթեւ արդյունաբերություն, ոսկերչություն եւ բարձր տեխնոլոգիաներ:

Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, անդրադարձավ բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր երկրի զարգացման առանձնահատկություններին: Սաչին Պիլոտը թվարկեց մի քանի բաղկացուցիչ մասեր` մշակույթ, բարձրագույն կրթություն, համաշխարհային կարգի ինժեներներ...

«Հնդկաստանին զարգացման հնարավորություն ընձեռեցին հնդկական խոշոր ընկերությունները, որոնք զարգացրեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտը, եւ այդ ընկերությունները դարձան համաշխարհային ընկերություններ», - ասաց Պիլոտը:

Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարը նշեց, որ իր երկրում այս ոլորտի զարգացմամբ վերջին տարիներին աշխատանքով է ապահովվել 12 միլիոն մարդ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե ո՞րն է այն պատճառը, որ խոչընդոտում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը թվարկեց ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններն ու գործոնները:

«Նախ եւ առաջ ոլորտի զարգացման համար մենք պետք է ունենանք հստակ կրթական համակարգ, կարողանանք պատրաստել եւ ունենալ բարձ որակավորում ունեցող մասնագետներ: Այդ ուղղությամբ մենք մի շարք ծրագրեր ունենք: Պետք է ապահովենք հստակ պայմաններ եւ մթնոլորտ, այսինք ոլորտի ներդրումային եւ կարգավորման մթնոլորտը պետք է լինեն մի փոքր ավելի լավ, քան այլ երկրներում, որպեսզի մենք կարողանանք ներգրավվել նաեւ գլոբալ ընկերություններ այդ դաշտում», - ասաց Դավթյանը:

Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչը Հայաստան է այցելել մասնակցելու Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի բացումը:

Էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործում է 200 ընկերություն: Դրանց 2/3-ը օտարերկրյա` ամերիկյան ու եվրոպական կապիտալի մասնակցությամբ գործող ընկերություններ են: «Հնդկաստանի կառավարության ներկայացուցչի այցը հնարավորություն կտա ոլորտում ներառել նաեւ այս երկրին», -ասաց Տիգրան Դավթյանը:

«Կարծում եմ` առաջիկայում մենք ականատես կլինենք նոր ծրագրերի, նոր հնարավորությունների, եւ նաեւ այսօրվա հանդիպման ընթացքում մենք կարողացանք փոխանակել վերջին տեղեկատվությունը, վերջին զարգացումները, որ տեղ են ունենում մեր երկրներում, այդ թվում նաեւ մեր նախաձեռնությունները, մասնավորապես, ազատ տնտեսական գոտիների ձեւավորման առումով, եւ մենք կարծում ենք, որ հնդկական ընկերությունները կարձագանքեն այս բավականին հետաքրքրական ձեւաչափին: Ինչպես նաեւ ներկայացվեց Հայաստանի հնարավորությունները հնդկական ընկերությունների համար», - նշեց հայ նախարարը:

Հնդկաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է նաեւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ գրանցված են հնդկական կապիտալի մասնակցությամբ 38 ձեռնարկություններ: Դրանք ներառում են թեթեւ արդյունաբերության տարբեր ճյուղեր` դեղագործությունից մինչեւ հագուստի արտադրություն: 2006 թվականից մինչեւ այս տարվա հունիս ամիսը Հայաստանում Հնդկաստանից կատարված ներդրումների հոսքերը կազմել են շուրջ 116 հազար դոլար:

please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG