Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն ուզում է ռուսերենի իմացությունը պարտադիր դարձնել ներգաղթյալների համար


Ղրղըզ աշխատանքային միգրանտներ Մոսկվայում
Ղրղըզ աշխատանքային միգրանտներ Մոսկվայում
Ռուսաստանի վարչապետ, նախագահի հավակնորդ Վլադիմիր Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ուզում է ռուսերենի իմացությունը պարտադիր դարձնել երկրում աշխատանք փնտրող օտարերկրացի միգրանտների համար։

Համենայն դեպս, իշխող կուսակցությունը արդեն իսկ այդ մասին օրինագիծ է ներկայացրել Պետդումա։

«Ռուսերենի իմացությունը ոչ միայն ներգաղթյալի պարտավորությունն է, այլեւ պաշտպանությունը իրավունքների ոտնահարումից», - Twitter-ում գրել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովն ու մանրամասնել. - «Կուսակցության ներկայացուցիչները հույս ունեն փաստաթուղթը քվեարկության դնել մինչեւ այս ամսվա վերջ»։

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով` ներկայումս երկրում աշխատող ներգաղթյալների գրեթե 30 տոկոսը չի տիրապետում ռուսերենին։ Հենց այս վիճակագրության հիման վրա ծառայությունը մեկ տարի առաջ առաջարկեց հատուկ թեստեր պատրաստել օտարերկրացի աշխատողների համար։

Այժմ իշխող կուսակցությունը ցանկանում է օրենքով ամրագրել այդ պահանջը։

Շրջանառվող նախագծի համաձայն, մասնավորապես, օտարերկրացիները պետք է ռուսերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ ունենան` Ռուսաստանում աշխատանքի իրավունք ստանալու համար։

Այդպիսի փաստաթուղթ կարող է դիտվել Խորհրդային Միության օրոք` մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը, դպրոցի կամ բուհի տված դիպլոմը, կամ դրանից հետո Ռուսաստանում տրված քննությունը։

Ռուսաստանի բուհերում եւ օտարերկրյա կրթական հաստատություններում արդեն իսկ ավելի քան 160 կենտրոն է ստեղծվել, որոնք իրավունք ունեն պետական թեստավորում անցկացնել օտարերկրացիների համար։

«Մեր հիմնական մտահոգությունը երիտասարդներն են», - խոստովանում են օրինագծի հեղինակները։ «Փորձագետների գնահատականներով` նրանց մեծ մասը շատ վատ է տիրապետում ռուսերենին։ Մինչդեռ համաշխարհային եւ ռուսական փորձը ցույց է տալիս, որ դա կարող է լարվածություն ստեղծել հասարակության շրջանում եւ պարարտ հող` էթնիկ անհամաձայնությունների համար», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, ասել է օրինագծի հեղինակներից մեկը` Պետդումայի պատգամավոր, կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Բալիխինը։

Ռուսաստանցի օրենսդիրների խոսքով` եթե օրինագիծը հաստատվի, ապա այն առաջին հերթին կտարածվի այն միգրանտների վրա, որոնք փորձում են աշխատանքի անցնել առեւտրի, ծառայությունների եւ տեխնիկական սպասարկման ոլորտներում` այնտեղ, որտեղ մեծ է մարդկանց հետ շփվելու հավանականությունն ու անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG