Մատչելիության հղումներ

«2012-ի բյուջեն չի լուծում բնակչության սոցիալական խնդիրները»


ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ, կառավարության ներկայացրած 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը չի տալիս բնակչության առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական հարցերի պատասխանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման գնահատական տվեցին խորհրդարանի Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Նշելով, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, այս տարվա առաջին 10 ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի գները Հայաստանում աճել են 13.5 տոկոսով, եւ մյուս տարի նույնպես կառավարությունը կանխատեսում է այս տարվանից ոչ փոքր գնաճ, Արծվիկ Մինասյանն իր տարակուսանքը հայտնեց, որ այդ ֆոնին գալիք տարվա պետական բյուջեով կառավարությունը չի նախատեսում բարձրացնել պետական ծառայողների բազային աշխատավարձերը, իսկ բազային կենսաթոշակներն էլ բարձրանալու են ընդամենը 2500 դրամով:

«Մենք արձանագրում ենք իրական եկամուտների հետընթաց, որովհետեւ գնաճի նման տեմպի պայմաններում, երբ օրինակ, պետական կամ հանրային ծառայության ոլորտում աշխատավարձերի աճ չկա, նշանակում է առնվազն գնաճի չափով վնաս է կրում այն քաղաքացին, ով ներգրավված է այս աշխատանքների մեջ: Եվ կառավարությունը, փաստորեն, որ իր քաղաքականությունը պետք է մշակի եւ իրագործի այս ուղղությամբ, զրո արձագանք է տալիս, պատճառաբանում է, թե գումար չկա», - ասաց Մինասյանը:

«Մինչդեռ իրականում գումար կա», - շարունակեց Մինասյանը. - «2011 թվականի բյուջեի քննարկման ժամանակ մենք ասացին, որ կա այդ աղբյուրը, մենք ցույց տվեցինք ընդերքօգտագործումը, որը մեր գնահատումներով նվազագույնը շուրջ 70 միլիարդ եկամուտ կարող է պետական բյուջեին ապահովի, եթե իրականացվի հարկման համակարգի փոփոխություն: Հարց է առաջանում` եթե կա այդ ռեսուրսը, ինչո՞ւ չենք ուղղում կառավարության կողմից ընդունվող այսպիսի գերակա ոլորտին, ինչպիսին աշխատավարձերի կամ եկամուտների բարձրացումն է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով, 2012 թվականի կառավարության ներկայացրած պետական բյուջեի նախագիծն հասարակության անապահով խավին ուղղակի մենակ է թողնում իր սոցիալական խնդիրների հետ:

«Այսինքն այս բյուջեն ուղերձ է հասարակությանը, որ հասարակության յուրաքանչյուր քաղաքացի', ինքդ քո ճարը տես, իշխանությունների վրա հույս մի' դիր, բյուջեի վրա հույս մի' դիր, աշխատավարձդ չի բարձրանալու, եւ այդ գնաճային իրավիճակները, որ գոյություն ունեն, մենք դա որեւէ ձեւով ձեզ չենք կոմպենսացնելու, եւ դուք ինքնուրույն պետք է ելքի ճանապարհներ գտնեք», - ասաց Մարտիրոսյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկը 1994-1998 թվականներին ղեկավարած Բագրատ Ասատրյանի խոսքով` 2012 թվականի պետբյուջեի նախագծից պարզ է դառնում, որ «մենք մյուս տարի ապրելու ենք ավելի վատ, քան այս տարի»:

«Ավելի վատ են ապրելու նախ եւ առաջ սոցիալապես անապահով հատվածներ: 2500 դրամը թիվ չէ` նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա տարվա ընթացքում եւս սպասվում է պարենամթերքի գների առաջանցիկ աճ: Սա համաշխարհային միտում է, սա ոչ միայն Հայաստանով է պայմանավորված: Իսկ Հայաստանում սա միշտ իր տեղը ունեցել է: Հաջորդ հատվածը պետական ծառայողներն են, որոնք ապրելու են ավելի վատ, եւ ծրագրավորված է սա: Եվ մենք պետք է այստեղ բեկում մտցնենք, որովհետեւ չի կարելի հարկային տեսուչին չվճարելով պարտադրել, որ նա ազնիվ լինի: Չի' լինում այդպես», - ասաց Ասատրյանը:

Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը, արձանագրելով հնչած քննադատություններին, ասաց. - «Ակնհայտ է, որ 2500 դրամը ֆիկտիվ գումար է, բայց դա կազմում է 10 տոկոսը այդ բազային նկատմամբ, այսինքն թոշակները նպաստները ավելացվում են մոտ 10 տոկոսով: Ինչ վերաբերում է պետական ծառայողներին, ապա եթե չի ավելացվում նրանց աշխատավարձերը, դրա փոխարեն ներդրվելու է սոցիալական փաթեթ»:

Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, հաշվի առնելով սննդամթերքի գների շարունակվող աճը, ինչպե՞ս կգնահատի կառավարության ձեռնարկած քայլերը` բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, եւ, մասնավորապես, բավարա՞ր է կառավարության առաջարկած 18 միլիարդանոց սոցիալական փաթեթը, որպեսզի պետական ծառայողները իրենց ապահով զգան գալիք տարի եւս սպասվող սննդամթերքի գների աճի պարագայում, ասաց, - «Դուք փիլիսոփայական հարց եք տալիս, բավարարը` իհարկե, բավարար չէ, բայց դա հնարավոր է, այսինքն հնարավորությունը այդքան է: Ո՞նց կարող եմ ասել` բարարար է: Իհարկե, եթե շատ լիներ, լավ կլիներ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG