Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կադրային փոփոխությունները «ներիշխանական ճգնաժամի հետեւանք» է համարում


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ` անցնող օրերին իրար հաջորդող հրաժարականները, կադրային փոխատեղումները ներիշխանական խորը ճգնաժամի հետեւանք են: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զուրաբյանը ձեւակերպեց` «ռեժիմը ինքն իրեն խժռելու գործընթացի մեջ է» եւ հաշտվելու մասին այլեւս խոսք լինել չի կարող:

«Սերժ Սարգսյանի ձախողումները եւ այս չորս տարվա մեր շարժումը, որը չի մարում, ստեղծել է մի իրավիճակ, երբ օլիգարխիան սկսել է մտահոգվել իր ապագայի համար: Նա այլեւս վստահ չէ, որ Սերժ Սարգսյանը կարող է պահել իշխանությանը: Հենց այդպես էլ արտահայտվում են` ասում են այսպես որ գնա Սերժը իշխանությունը կհանձնի Լեւոնին: Մի բան այդ օլիգարխիկ ռեժիմի մեջ որոշ շրջանակների համար պարզ է, որ Սերժ Սարգսյանը իրենց համար ռեժիմի գոյատեւման թույլ երաշխավոր է», - կարծիք հայտնեց Զուրաբյանը:

Ըստ Լեւոն Զուրաբյանի` ահա այս անվստահությունը օլիգարխիայի շրջանում այլընտրանքի փնտրտուքներ է առաջ բերել, եւ վերջին ամիսներին դավադրության տարբեր հնարավորություններ են մշակվել:

«Եվ այսօր Սերժ Սարգսյանը հասկացել է` քանի որ նախընտրական շրջան է, պետք է վճռական քայլերի գնալ եւ հեռացնել բոլոր նրանց, ովքեր իր հավատարմության այդ նեղ օղակից չեն եւ ապահովագրել իր դիրքերը կարեւորագույն պոզիցիաներում», - ասաց Զուրաբյանը:

Գործընթացները, ՀԱԿ-ի համակարգողի կանխատեսմամբ, երկու արդյունքի կարող են հանգեցնել` կամ կփլուզվի կոալիցիան կամ էլ Սերժ Սարգսյանին կհաջողվի հնազանդեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, կտրել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը, եւ բավական լուրջ կորուստների գնով կայունացնել իրավիճակը: Երկու սցենարների զարգացումն էլ, Զուրաբյանի խոսքով, Կոնգրեսի համար դրական կլինի, քանի որ իշխանությունը կթուլանա: Իսկ թե մասնավորապես, ԲՀԿ-ի վերահսկողությանը հասնելով, ինչպես են թուլանալու իշխանության դիրքերը, Լեւոն Զուրաբյանը այսպես է մեկնաբանում. - «Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան»-ին հաջողվել էր ստեղծել ինչ-որ ընտրազանգված: Ռեժիմի մեջ այլ կուսակցություն չկա, որ ուներ ընտրազանգված: Հանրապետական կուսակցությունը ձայները հավաքում է բացառապես ճնշումների, ֆալսիֆիկացիաների միջոցով: «Բարգավաճ»-ն էլ մեղավորություն ունի այդ պրոցեսների մեջ, բայց իրողություն է, որ ստեղծվել էր ինչ-որ ընտրազանգված: Ահա այդ ընտրազանգվածը փախչելու եւ միանալու է Հայ ազգային կոնգրեսի կողմից ղեկավարվող շարժման աջակիցներին: Այսինքն պատկերը կհստականա, առաջիկա ընտրություններում մի կողմից կլինի ռեժիմը, մյուս կողմից շարժումը: Դա բնականաբար, շատ կհեշտացնի մեր աշխատանքը»:

«Ստեղծվում է մի դաշտ, որը շատ դժվար կլինի մանիպուլյացիաների ենթարկել»,- շարունակում է Զուրաբյանը` ընդգծելով, որ ավելի իրատեսական է դառնում հաջորդ խորհրդարանում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը բարձրացնելու Կոնգրեսի ծրագիրը:

«Եթե Սերժ Սարգսյանի ռեժիմի ձախողման, նրա նկատմամբ անվստահության մասին խոսում է ոչ միայն մեր շարժումը, կամ ընդդիմադիր ուժերը կամ հասարակությունը, այլ նաեւ իր իշխանության ներսում են արդեն սկսում դրա մասին խոսել, որի հետեւանքով ինչ-որ ուժեր կարող են պոկվել կամ կորցնել սեփական ընտրազանգվածը, դա նշանակում է, որ իսկապես շատ իրատեսական է Սերժ Սարգսյանի հեռացման խնդիրը հասարակության առջեւ դնելը», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը:

Հիշեցնենք, վերջին հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականին, վստահություն հայտնեց, թե այս հրաժարականներին շատ շուտով հետեւելու են բազմաթիվ այլ «խայտառակ պաշտոնանկություններ»: Լեւոն Զուրաբյանը այսօր կարծիք հայտնեց, թե «հնազանդեցման առաջին ալիքը» կարելի է ավարտված համարել:

«Հիմա ռեժիմը մի խնդրի առաջ կանգնած, պետք է ամեն ինչ արվի այնպես, որ հասարակության մեջ չստեղծվի տպավորություն փլուզման մասին: Բացի նրանից, որ այդ մարդկանց պատժում են, նրանց նաեւ փորձում են պահել թիմի մեջ, որ բացառվի փլուզման մասին ընկալումը», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG