Մատչելիության հղումներ

«Զարաքօլուի քրեական հետապնդման հիմքերը հստակ չեն»


Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն:
Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայերի հետ սերտ առնչություններ ունեցող, Հայոց ցեղասպսնության մասին բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությունների հրատարակությունը նախաձեռնած Զարաքօլուի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով` Գյունայը նշել է. - «Կարծում եմ, որ Զարաքօլուն թե' որպես գրող եւ թե' որպես հրատարակիչ իրենից լուրջ արժեք է ներկայացնում: Զարաքօլույին ճանաչում եմ դեռ դպրոցական տարիներից: Բնականաբար, ես տեղյակ չեմ, թե որն է նրա դեմ քրեական գործ հարուցելու պատճառը: Անկեղծ ասած, ես կուզեի դա իմանալ, քանի որ երբեւիցէ չեմ տեսել, որ Զարաքօլուն ներգրավված լինի որեւէ տեսակի բռնի գործողության մեջ»:

Հիշեցնեմ, որ Ռագըփ Զարաքօլուն մի քանի տասնյակ այլ քաղաքական ակտիվիստների հետ միասին ձերբակալվել էր անցած ուրբաթ օրը: Թուրքական դատախազությունը նրան մեղադրում է Աբդուլա Օջալանի հիմնադրած Քրդական աշխատավորական կուսակցությանը մաս կազմող կառույցներից մեկին` Քրդական հանրությունների միությանը անդամակցելու մեջ: Հոկտեմբերի սկզբին նույն մեղարդանքով ձերբակալվել էր նաեւ Զարաքօլուի որդին:

Հարկ է նշել, որ թուրքական հատուկ ծառայություները պնդում են, որ Քրդական հանրությունների միությունը Օջալանի կուսակցության, այսպես կոչված, քաղաքային թեւն է, որ գործունեություն է ծավալել երկրի խոշորագույն մեգապոլիսներում` նախեւառաջ Ստամբուլում:

Երեքշաբթի օրը Բեշիքթաշի շրջանային դատարանում կայացած նիստի ընթացքում, սակայն, Ռագըփ Զարաքօլուն կտրականապես հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները. - «Խուզարկության ժամանակ բազմաթիվ փաստաթղթեր են առգրավվել, որոնք, ոստիկանության պնդմամբ, վկայում են իբր իմ ծավալած հակապետական գործունեության մասին: Իրականում դրանց մեծ մասը դեռեւս չտպագրված գրքերի սեւագիր տարբերակներն էին»:

Գրահրատարակչի խոսքով, ինքն իր ողջ գիտակից կյանքում փորձել է գտնել այն խնդիրների լուծումը, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած եմ մնում Թուրքիայի առջեւ: Խոսքը, մասնավորաբար, քրդական հիմնախնդրի մասին է:

Չնայած այս հայտարարություններին` Բեշիքթաշի դատարանը Զարաքօլուի համար որպես խափանման միջոց ընտրեց նախնական կալանքը: Բայց անգամ թուրքական քաղաքական դասի բարձրաստիճան ներկայացուցիչների համար դատարանի այս վճիռը անվիճելի չէ;

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է. - «Մեր հանրությունն իրավունք ունի տեղեկանալ, թե ի վերջո ինչ մեղադրանք է ներկայացված մեր բարեկամ, հայտնի գրող ու գրահրատարակիչ պարոն Զարաքօլուին»:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գյուրսել Թեքինի խոսքով. - «Մենք չգիտենք, թե այս հալածանքների ալիքը վաղն ում է հարվածելու: Երեկ մտավորականներին ձերբակալում էին «Էրգենեկոնի» հետաքննության շրջանակներում, այսօր էլ ահա նոր ձերբակալությունների ականատեսն ենք դարձել»:

Թուրքիայում գործող հեղինակավոր ոչ-կառավարական կազմակերպություններից մեկն էլ` «Ազատություն լրագրողներին» քաղաքացիական պլատֆորմը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է. - «Ռագըփ Զարաքօլուի ձերբակալությամբ ազատազրկված լրագրողների թիվը Թուրքիայում հասել է 64-ի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG