Մատչելիության հղումներ

Անպտղության առաջին պատճառները


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հայաստանում անպտղությունը կազմում է 18 տոկոս:

Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը նշում է, որ այս թիվը փոքր չէ Հայաստանի համար:

Բժիշկն անպտղության սկզբնական պատճառները տեսնում է 90-ական թվականներում: Նշում է, որ սա մութ ու ցուրտ տարիների սերունդն է:

Իսկ առհասարակ անպտղության առաջին պատճառը սեռավարակներն են, իսկ սեռավարակների տարածման հիմնական մեղքը բժիշկը բարդում է արտագնա աշխատանքներից վերադարձողների վրա: Պողոսյանը ցավով նշում է, որ սեռավարակները հիմնականում չեն առաջացնում ծանր կլինիկական փոփոխություններ, որպեսզի հիվանդը դիմի բժշկի:

«Օրինակ նույն օրեոպլազման, որն առաջացնում է չբերություն կամ վիժումներ, անցնում է սեռական հարաբերությունների ժամանակ: Հետո մոտ մեկ շաբաթ սկսում է հաճախամիզություն, նմանվում է ցիստիտի, բայց ցիստիտ չի ու 5-6 օր հետո անցնում է եւ մարդն իրեն լավ է զգում: Այդ թվացյալ առողջ վիճակը բերում է նրան, որ բժշկի չեն գնում, հետ տեսնում են, որ մեկ ամիս, երկու, երեք, մեկ տարի է երեխա չկա: Գալիս են բժշկի, պարզվում է այդ հիվանդությունն ունեն», - նշում է Պողոսյանը:

Գաղտնիք չէ, որ սեռավարակների տարածման միջոց են հանդիսանում նաեւ լողավազաններն ու շոգեբաղնիքները: Այսօր որքան էլ խոսվում է լողավազանների սանիտարահիգիենիկ լավ վիճակի, հաճախակի ու տարբեր հավելումներով ջուրն ախտահանելու մասին, միեւնույն է վարակի տարածման դեպքեր դեռ գրանցվում են:

«Երկու կույս աղջիկներ դիմել էին մեզ, պարզվել էր երկուսն էլ նույն վարակն ունեին եւ երկուսն էլ հաճախում էին նույն լողավազանը: Լողավազանները գուցե մշակվում են, բայց սաունաները` ոչ: Իրենց փոքր լողավազաններում չեն ավելացնում քլոր, որովհետեւ եթե տաք մարմնով մտնես այդ լողավազան, մարմինդ պետք է սկսի ծակծկել, այ հենց այդ ժամանակ էլ ինֆեկցիաները սկսում են տարածվել»,- նշում է Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով, անպտղության երկրորդ կարեւոր պատճառը սթրեսն է, իսկ սթրեսի առաջացման պատճառները շատ են` սկսած կենցաղից, վերջացրած միջանձնային հարաբերություններով:

Բժշկի աչքից չի վրիպում նաեւ երիտասարդների այսօրվա հագուկապը: Բնական կտորներից, ավելի ազատ ու հարմարավետ հագուստների փոխարեն, երիտասարդները նախապատվությունը տալիս են նեղ զգեստներին: Բժշկի խոսքով, անպտղության մեղքի իրենց բաժինն ունեն այսօրվա նորաձեւ համարվող տաբատներն ու կարճ բլուզները:

Բժիշկը նշում է, որ եթե սեռավարակների ժամանակ տղամարդկանց բուժելը հեշտ է, ապա կանանց դեպքում նույնը ասել չի կարելի:

«Սեռավարակները տղամարդկանց մոտ խփում են սերմին, բայց երբ հանում ես վարակը, սերմը վերականգնելը շատ հեշտ է: Իսկ կանանց մոտ դրանք առաջացնում են շատ փոփոխություններ. սկսվում են բորբոքային պրոցեսներ, ձվարանի ֆունկցիայի խախտում: Դրա համար ես կողմ եմ, որ նախօրոք ստուգվեն: Օրինակ, երբեմն հանդիպում եմ մարդկանց, որ գալիս ու ասում են, որ մինչեւ ամուսնանալը ցանկանում են ստուգվել: Գիտեք այդ ժամանակ ցանկանում եմ իրենց գրկեմ, համբուրեմ, առանց գումարի այդ բոլոր լաբորատոր ստուգումները թույլ տամ»,- նշում է Պողոսյանը:

Պողոսյանը վստահ է` առողջ զավակ ունենալու լավագույն պայմանը նախապես սեփական առողջության մասին մտածելն է. - «Առաջին հերթին պետք է առողջ ապրելակերպով ապրել, պետք է հագնվել ըստ սեզոնի, պետք է զբաղվել սպորտով: Որովհետեւ առաջին հերթին ապագա երեխայի համար մաման պետք է լինի առողջ, պապան պետք է լինի առողջ»:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG