Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ազգայնականները երթեր են անցկացնում


Այսօր Ռուսաստանի Դաշնությունում նշում են Ժողովրդական միասնության օրը։

Ժողովրդական միասնության օրը հետաքրքիր նախապատմություն ունի։ Տասնամյակներ շարունակ Խորհրդային Միությունում տոնել են նոյեմբերի 7-ը` Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրը։

Այն մարդկանց գիտակցությունից դուրս մղելու համար Ռուսաստանի իշխանությունները դիմել են հարյուրամյակներ կիրառվող հնարքի` նույն օրերին սահմանել են մեկ ուրիշ տոն, այդպիսով քաղաքացիները պահպանել են ազատ օրը, պարզապես նոյեմբերի 7-ի փոխարեն տոնը նշում են նոյեմբերի 4-ին եւ դրան նոր իմաստ է հաղորդվել։

Ըստ պատմաբանների, 1612 թվականի նոյեմբերի 4-ին ժողովրդական աշխարհազորը` առեւտրական Կուզմա Մինինի եւ զորավար Դմիտրի Պոժարսկու առաջնորդությամբ, Մոսկվայից վտարել են լեհ զավթիչներին։

Գրեթե 4 դար անց Ռուսաստանի մայրաքաղաքում նորից կոչ են անում արտաքսել օտարներին։ Այս անգամ դրա մասին խոսում են ոչ թե ժողովրդական լայն զանգվածները, այլ ազգայնականները, որոնց թվի աճը մտահոգություն է պատճառում հենց ռուսաստանցիներից շատերին։

Այսօր ազգայնականները մտադիր են անցկացնել «Ռուսական երթ» անունով ակցիան, սակայն նրանց շարքերում էլ Ժողովրդական միասնության օրը չկա միասնություն․ մի խմբավորումը մտադիր է փողոցներ դուրս գալ «Բավ է կերակրենք Կովկասը» կարգախոսի ներքո, մինչդեռ մյուսի կարգախոսն է՝ «Չկա Ռուսաստան առանց Կովկասի»։

Այս ակցիան կազմակերպվում է ոչ միայն մայրաքաղաք Մոսկվայում, այլեւ տասնյակ ուրիշ քաղաքներում։

«Ռուսական երթի» նախաձեռնողներից Վկադիմիր Տոռը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է, թե Կովկասն ապրում է Կենտրոնի միջոցներով, եւ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ տուրք, որը Ռուսաստանը վճարում է Կովկասի ժողովուրդներին։

«Եթե Կովկասը Ռուսաստանի կազմում է մնում սոսկ այնտեղ փոխանցվող հսկայական գումարների հաշվին, ապա դա պետության կազմավորման սխալ եղանակ է»,- ասել է Տոռը։

Սակայն նրա հետ համաձայն չէ «Ռուսական երթի» լիդերների մյուս թեւը։

«Եթե Հյուսիսային Կովկասն անջատվի` կսկսեն հեռանալ նաեւ մնացած շրջանները։ Ով առաջ է տանում Հյուսիսային Կովկասի անջատման գաղափարը` ծառայում է օտարի շահերին, իրականացնում է ամերիկյան քայքայիչ ռազմավարությունը»,- ասվում է Յուրի Գորսկու եւ Վիկտոր Շվեդովի համատեղ հայտարարությունում։

Այսօր Մոսկվայում լարված օր է, քաղաքում կարգուկանոնն ապահովելու է 5 հազար ոստիկան։

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ իրավապահներն ամենայն խստությամբ կասեցնելու են ծայրահեղականների գործողությունները։

«Ռուսական երթից» բացի այսօր Մոսկվայում տեղի կունենան իշխանությունների հետ համաձայնեցված մոտ երկու տասնյակ զանգվածային միջոցառումներ։

please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG