Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»․ «ՀԱՊԿ-ի անդամ երկրները այսուհետ պետք է համաձայնեցնեն իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները»


Ղազախստան -- ՀԱՊԿ գագաթաժողովը Աստանայում, արխիվ
Ղազախստան -- ՀԱՊԿ գագաթաժողովը Աստանայում, արխիվ
«Կոմերսանտ» ռուսական պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները այսուհետ պետք է համաձայնեցնեն իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները:

Թերթը գրում է, որ Ռուսաստանը աշխատում է հետխորհրդային տարածաշրջանում իր ղեկավարած ռազմաքաղաքական դաշինքի` ՀԱՊԿ-ի ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ: Ըստ «Կոմերսանտի»` ՀԱՊԿ երկրները համաձայնեցրել են այն արտաքին քաղաքական թեմաների շրջանակը, որոնց շուրջ նրանք «պետք է միակարծիք լինեն, ինչպես դա անում են ՆԱՏՕ-ում կամ Եվրամիությունում»:

«Կոմերսանտի» տեղեկություններով` ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքականության հարցերի շուրջ դիրքորոշումների միասնականացման սկիզբը դրվել է Աստանայում օգոստոսի 12-13-ին կայացած գագաթաժողովին: Արդեն սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում, այդ ցուցումները գրավոր տարբերակով տրվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարներին: Խոսքը 9 էջանոց փաստաթղթի մասին է, որը թվարկում է արտաքին քաղաքական այն թեմաները, որոնց շուրջ ՀԱՊԿ երկրները պետք է միակարծիք լինեն: Պարբերականի տվյալներով` փաստաթուղթը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պատմության խեղաթյուրումը կանխելը (խոսքը մասնավորապես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին է վերաբերում), միջազգային անվտանգությունը եւ ապառազմականացումը, հակահրթիռային պաշտպանությունը, ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունները, իրավիճակը Աֆղանստանում, միջազգային ահաբեկչության, հանցավորության եւ թմրամիջոցների դեմ պայքարը, մարդու իրավունքները:

Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ում պարբերականի աղբյուրները կասկած են հայտնել, որ նման միջոցները կամրապնդեն ՀԱՊԿ-ի դիրքերը: Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար ՀԱՊԿ-ը դեռեւս Ռուսաստանից ղեկավարվող վիրտուալ կազմակերպություն է, որը չունի գործնական իմաստ եւ քաղաքական կշիռ: Նա նաեւ ասել է, թե ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու կարիք չունի, քանի որ իրենք առանց այն էլ շատ լավ շփվում են դրա անդամ երկրների հետ առանձին առանձին:

Ու չնայած դրան ՀԱՊԿ-ում հավատում են, որ եթե կազմակերպությունն ավելի համակարգված գործի, նրա հետ ստիպված կլինեն հաշվի նստել, կազմակերպության ներսում հակասություններ կան։ Ուզբեկստանն, օրինակ, հրաժարվել է ստորագրել կոլեկտիվ ցուցումների տակ` ցանկանալով պահպանել տարբեր միջազգային հարցերի շուրջ սեփական դիրքորոշումը հայտնելու իր իրավունքը: Տաշքենդի նման պահվածքի պատճառով Բելառուսի նախագահն անգամ առաջարկել է Ուզբեկստանին հանել ՀԱՊԿ-ի կազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG