Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը թերահավատ է ղարաբաղյան կարգավորման հարցում


Լամբերտո Զանիերը հարցականի տակ է դրել հակամարտությունը կարգավորելու՝ կողմերի պատրաստակամությունը։

Today’s Zaman-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ասել է, որ Թուրքիան կարող է կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

«Թուրքիան տարածաշրջանում կարեւոր դեր է խաղում եւ քաղաքական աջակցության ներուժ ունի», - ասել է նա՝ նշելով, թե խոսքը ոչ թե բանակցություններում Թուրքիայի պաշտոնական դերակատարության, այլ ռեալ ազդեցության մասին է:

«Որպես հակամարտ երկու երկրների հարեւան երկիր, Թուրքիան կարող է պայմաններ ձեւավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը նպաստելու համար», - ասել է Զանիերը:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը փաստել է, որ առաջընթաց չի արձանագրվել եւ ընդգծել է, որ կարգավորմանը պետք է հասնեն հակամարտությունում ներգրավված կողմերը:

«Մեծ ուշադրություն է դարձվում մեխանիզմների վրա, բայց նաեւ հարց է, թե արդյոք կողմերը պատրաստ են համաձայնության գալ», - ասել է Լամբերտո Զանիերը՝ հավելելով․ - «Դուք կարող եք ձին տանել գետի մոտ, բայց չեք կարող ստիպել, որ ջուր խմի: Մենք ձգտում ենք անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել, չենք թողնում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերով, եթե չի հաջողվում կարգավորել հակամարտությունը, ապա լավագույն տարբերակը, ինչ իրենց մնում է՝ դա իրավիճակի ավելի վատթարացումը կանխելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG