Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 2-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ հրաժարականների լուրերը լսելով` ընկերներիցս մեկը կատակեց. «Այսպես որ շարունակվի, մինչեւ օրվա վերջը երեւի Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրն էլ կլսենք»: Սակայն եթե ավելի լուրջ լինենք` այս բոլոր հրաժարականներն ուղղված են հենց այդ մի հրաժարականը կանխելուն: Եվ ընդհանրապես, այս ամենի մեջ մի շատ վատ բան կա, որի մասին «սենսացիայի» հետեւից ընկած լրագրողներս մոռանում ենք. մեր երկրի ողջ ընթացքը, բոլոր իրադարձությունները, բոլոր ջանքերը ուղղված են սոսկ մի բանի` ընտրություններին: Այդ մասին, դիտմամբ թե պատահմամբ, երեկ հայտարարել է նաեւ Ազգային ժողովի հեռացող նախագահը` ասելով. մենք հիմա պետք է կենտրոնանանք ընտրությունների վրա: Թե ինչու պետք է վեց-յոթ ամիս առաջ կենտրոնանանք ընտրությունների վրա, ինչ կարիք կա, որ այդ կենտրոնացման համար Ազգային ժողովի նախագահը հրաժարական տա, եւ բոլոր կադրային շարժերը կատարվեն այդ տեսանկյունից, պարզ չէ»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը վստահ է, որ նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանի նշանակումով ոստիկանության բարեփոխումները արդյունավետ ընթացք կունենան, եւ ժողովուրդը իրեն ավելի պաշտպանված կզգա: Նախ` հարց է առաջանում, թե արդյո՞ք Ալիկ Սարգսյանի պաշտոնավարմամբ ժողովուրդն իրեն պաշտպանված չէր զգում: Ինչո՞ւ իշխանությունը չի հայտարարում այդ մասին: Իսկ եթե պաշտպանված զգալու մասին հայտարարությունն ընդամենն արարողակարգի գեղեցիկ մաս է, ապա ինչո՞ւ է հայտարարվում այդ մասին` արժեզրկելով կարեւոր հասկացություններ: Ի վերջո, Վովա Գասպարյանը Հայաստանի ոստիկանությունում օդից չէ, որ հայտնվում է: Նա ոստիկանությունում հայտնվում է բանակից, ռազմական համակարգից, որտեղ տարիներ շարունակ գլխավորում էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: Ինչքանո՞վ էր հայ զինվորը այդ ընթացքում պաշտպանված զգում իրեն»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հերթական հրաժարականից կամ պաշտոնանկությունից հետո ինչեր ասես, որ չենք լսել՝ «լուրջ ճեղքվածքներ», «սուր հակասություններ», «ռեժիմի ներսում առաջացած լուրջ խնդիրներ», որոնք ի վերջո «հանգեցնելու են բուրգի փլուզմանը»: Իսկ իրականում, ինչպես անցած տարիներին, այնպես էլ վերջին օրերին տեղի ունեցածը, կարելի է ասել, նույնիսկ սովորական գործընթաց է, որի մասին մեկ ամիս անց բոլորը մոռանալու են: Ինչպեսեւ հիմա չենք էլ փորձում հիշել ու առանձնապես չենք էլ կարեւորում, թե անցած տարիներին ինչ հանգամանքների բերումով այս կամ այն պաշտոնյան հեռացվեց կամ էլ տեղափոխվեց մեկ այլ աշխատանքի»:

«Երկիր»-ը տեղեկացնում է. - «Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ այսօր հանդիպելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Երկիր»-ին ասաց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում: «Ռոբերտ Քոչարյանը իսկապես գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում եւ մասնակցել է «ՍԻՍՏԵՄԱ»-ի տնօրենների խորհրդի նիստին, բայց նա վաղուց արդեն Հայաստանում է: Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ապա նման հանդիպում իր նախկին գործընկերոջ հետ տեղի չի ունեցել, անգամ նախատեսված էլ չի եղել», - ասաց Սողոմոնյանը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը հանրահավաքում, որում նա առնվազն չի բացառել հերթական խորհրդարանական ընտրությունները, չարախնդություն է առաջացրել ՀԱԿ-ի հակառակորդների շրջանակում: Ի դեպ, Կոնգրեսի այդ, այսպես ասած, «տարբերակ B»-ն` հաղթել խորհրդարանական ընտրություններում եւ ինփիչմենթ հայտարարել Սերժ Սարգսյանին, բացի կասկածելի իրագործելիությունից, ունի նաեւ մեթոդաբանական թերություն` ներկայիս Սահմանադրությամբ` ԱԺ-ում ընդդիմադիր մեծամասնություն ունենալու դեպքում նախագահը լծակներ չի ունենա երկիրը ղեկավարելու, եւ նրա հրաժարականի հարցը կանխորոշված կլինի… Ուրիշ հարց, որ Կոնգրեսն էլ պետք է գոնե իր համար ինքնաքննադատորեն վերլուծի իրավիճակը [ինչը երբեք չի արել] եւ փորձի իր` թեկուզ նեղ շրջանակում պատասխանել հարցի` ինչո՞ւ հրապարակում կրիտիկական զանգված չի հավաքում: Որեւէ գործ սկսելուց առաջ դու պետք է որոշես, թե ով է քո «թիրախային խումբը», քո հանդիսատեսը, սպառողը: Հայաստանի 20 տարվա պատմության փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր գործունեության հիմնական սպառողը լյումպենացված զանգվածն է` ընչազուրկ, հուսահատված մարդիկ, որոնց լցված են ատելությամբ ցանկացած իշխանության հանդեպ եւ պատրաստ են գնալ այդ իշխանությունը տապալելու հայտ ներկայացրած ցանկացած մարդու ետեւից, անկախ նրանից` այդ գործիչը Արշակ Սադոյանն է, Արկադի Վարդանյանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG