Մատչելիության հղումներ

Կանադան նույնպես դադարեցնում է UNESCO-ի ֆինանսավորումը


Կանադան միացել է ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (UNESCO) ֆինանսավորումը դադարեցնելու հարցում, քանի որ Պաղեստինը դարձել է UNESCO-ի լիիրավ անդամ։

Երկուշաբթի օրը UNESCO-ի Գլխավոր համաժողովում ձայների 107 կողմ, 14 դեմ, 52 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում կայացվեց Պաղեստինին որպես 195-րդ պետություն կազմակերպությունում ընդգրկելու վերաբերյալ։

Իսրայելը, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները, եւ Շվեդիան այդ որոշման դեմ քվեարկող երկրների շարքում էին։ Հարավկովկասյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները՝ Հայաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, կողմ են քվեարկել, Վրաստանը՝ ձեռնպահ է մնացել:

ԱՄՆ-ը, մասնավորապես, պնդում է, որ Պաղեստինի Ինքնավարությունը չպետք է որպես առանձին պետություն ընդգրկվի ՄԱԿ-ին մաս կազմող կազմակերպություններում, քանի դեռ Իսրայելի հետ խաղաղ կարգավորման շուրջ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։

Կանադան UNESCO-ին էր տրամադրում տարեկան մոտ 10 միլիոն դոլար, Միացյալ Նահանգները՝ 70 միլիոն դոլար, որից 60 միլիոնի փոխանցումը կասեցվել է։ Այսպիսով UNESCO-ն զրկվել է իր տարեկան բյուջեի շուրջ մեկ քառորդից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG