Մատչելիության հղումներ

Գյումրիում բացվել է «Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն»


Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն «Կումայրի» արգելոցի շինություններից մեկը գնել, վերանորոգել ու այդտեղ հիմնել է «Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն»:

«Կենտրոնում միջմշակութային, կրթական, զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացնելու: Փոխանակման տարբեր ծրագրեր կիրականացվեն Գյումրիի երիտասարդների համար: Հնարավորություն կտրվի, որ դրսից ուսանողներ գան այստեղ: Այսինքն` մի նախագիծ է, որն այստեղ կյանք ու ակտիվություն է բերելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մոնտալդոն:

Մոնտալդոյի ընտրած շինությունը կառուցված է իտալական «արտ դեկո» ոճով, նախագծի ճարտարապետը, ըստ որոշ տեղեկությունների, իտալացի է եղել: Անցած դարասկզբին կառուցված շենքը պատկանել է գյումրեցի մեծահարուստներից Գեղամովների ընտանիքին:

Հարցին, թե այդյոք շարունակություն ունենալու է այս նախաձեռնությունը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը պատասխանեց. - «Իհարկե, այն կունենա շարունակություն` կամաց-կամաց (սա հյուպատոսը հայերեն ասաց) բարեկարգելով Գյումրիի հին կենտրոնը: Սա մասնավոր նախագիծ է, որ իրականացնել ենք մեր անձնական միջոցներով: Հիմնական խնդիրն այն է, որ օրինակ ծառայենք` փորձելով ներգրավել պետական եւ ոչ պետական կառույցներին»:

Կենտրոնի բացմանը ներկա Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Վերջին ժամանակահատվածում առաջարկները եւ ակտիվությունը գնալով շատանում է` ոչ Երեւանում, այլ շրջաններում»:

Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը, ով հույս հայտնեց, թե կիրականանա իր վաղեմի երազանքը` այցելել Կարս. - «Առայժմ ինչ-որ պատճառներով չի ստացվում: Հուսով եմ, որ առաջիկայում մենք կօգտվենք այդպիսի հնարավորությունից»:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG