Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյանը պաշտոնապես ազատվել է աշխատանքից


Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոսում է կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարների հետ, 1 սեպտեմբեր, 2011
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոսում է կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարների հետ, 1 սեպտեմբեր, 2011
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Սարգսյանը ազատվել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական:

Փոխարենը ոստիկանապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակել է Վլադիմիր Գասպարյանին` նրան ազատելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնից:

Հիշեցնենք, Վլադիմիր Գասպարյանը 13 տարի շարունակ` 1997-2010 թվականներին զբաղեցրել է ռազմական ոստիկանապետի պաշտոնը: Նորանշանակ ոստիկանապետը, ի դեպ, կրթությունը ստացել է Վոլգոգրադի միլիցիայի բարձրագույն ակադեմիայում:

Վլադիմիր Գասպարյանին այսօր ներկայացնելով ոստիկանության ղեկավար կազմին` նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, թե այսօր Հայաստանի ոստիկանությունը կարիք ունի «Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի»:

«Իմ համոզմունքն է, իմ կարծիքն է, որ այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի, եւ ես համոզված եմ, որ նա պատվով է կատարելու իր առջեւ դրված խնդիրները: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը իրեն ավելի պաշտպանված է զգալու, եւ համոզված եմ, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են»:

Վլադիմիր Գասպարյանը, իր հերթին, վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է հասարակության մեջ օրենքի գերակայությունը ամրապնդելու համար. - «Երեւի թե խոսքերից վաղուց արդեն ժամանակն է անցնել գործի: Մեկնարկած բարեփոխումները, որ սկսվել են ոստիկանությունում, ես կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում կբերենք իր տրամաբանական ավարտին, եւ դա էլ կլինի գրավականը, որ մեր հասարակության մեջ կգերիշխի օրենքի գերիշխանությունը: Եվ խոսք եմ տալիս, քանզի հավաքվածները իմ ծառայական ընկերներն են, եւ շատերի հետ երկար տարիներ եմ անցել, հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր առաջ քաշած բոլոր խնդիրները կլուծվեն պատշաճ վիճակով»:

Ինչ վերաբերում է Ալիկ Սարգսյանին, ապա նախագահ Սարգսյանն ասել է, որ նա կատարել է իր առջեւ դրված խնդիրները, որի համար նախագահը նրան շնորհակալություն է հայտնել եւ ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական:

Ուշագրավ է, որ Ալիկ Սարգսյանին միայն այսօր առավոտյան են տեղեկացրել իր պաշտոնանկության մասին, մինչդեռ երեկ ուշ երեկոյան գրեթե բոլոր ինտերնետային լրատվամիջոցները արդեն հաղորդել էին ոստիկանապետի պաշտոնանկության մասին:

Ալիկ Սարգսյանը դժվարացավ ասել, թե ո՞րն է իրեն աշխատանքից ազատելու պատճառը: Ամեն դեպքում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշեց, որ պատրաստ է առանց քննարկման ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի ցանկացած նոր պաշտոնի առաջարկ:

«Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու», - ասաց նա։

Հարցին, թե միգուցե վատ աշխատանքո՞վ է պայմանավորված իր պաշտոնանկությունը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. - «Նման բան չի կարող լինել, որովհետեւ իմ ցուցանիշները շատ լավ են, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է, հասարակական կարգի խախտում չունեմ, որեւիցե հարց ոստիկանության բացերի հետ կապված չկա»:

«Ես չգիտեմ` նախագահն է որոշում: Ոնց որ մի օր որոշել, նշանակել է, մի օր էլ պիտի ազատեր, ինչի՞ մասին է խոսքը: Նոր եկողը նոր ձեւով կաշխատի, նոր պահանջներ կլինեն, կարծում եմ` եկողն էլ պատահական մարդ չէ, պրոֆեսիոնալ է, նորմալ է, որեւէ խնդիր չկա: Շատ լավ ճանաչում եմ, մեր կադրն է, էլի այստեղի մարդ է, այնպես չէ, որ ինչ-որ քաղաքական խնդիր է լուծվում: Ոստիկան է նա», - ասաց Սարգսյանը:

Եթե Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին տեղեկություններն այսօր իրականություն դարձան, ապա Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին աշխատանքից ազատելու մասին լուրերն առայժմ չեն հաստատվում:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զոյա Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության մասին` երեկվանից շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հավելենք, որ այսօր ուշ երեկոյան Հանրապետական կուսակցությունը կրկին քաղխորհրդի նիստ է գումարելու: Չի բացառվում, որ այդ նիստում էլ քննարկվեն նոր պաշտոնանկությունների հետ կապված հարցեր:
please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG