Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 1-ի մամուլ


«Առավոտ»-ին տված հարցազրույցում Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ասում է. - «Եղան բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ժամանակ նա կարեւորել է բանակի խնդիրները միասնական ջանքերով լուծելուն ուղղված հասարակական առողջ նախաձեռնությունները, անդրադարձել նաեւ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերին` բարձր գնահատելով այն ծրագրերը, որոնք ուղղված են փորձագիտական ուսումնասիրություններով բանակաշինությանն աջակցելուն: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հեռուստատեսային հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով իրավական դաշտը համակարգող փոխնախարար, բնական է, որ իր ելույթներում խոսել է ոչ օրինական գործողությունների հնարավոր հետեւանքների մասին: Այս պարագայում փոխնախարարների գործողություններում հակասություններ տեսնելը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, իսկ բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են: Պաշտպանության նախարարի տեղականերից մեկին պաշտպանելու, իսկ մյուսին չպաշտպանելու վերաբերյալ որոշ մարդկանց հայտարարությունները լուրջ չեմ համարում, քանի որ տարօրինակ է, թե ո՞վ ու՞մ ու՞մից է պաշտպանում»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Կոալիցիոն երկու առաջատար ուժերը փորձում են իրենց հարաբերություններում առկա անվստահության մթնոլորտը հերթական անգամ հաղթահարել արհեստական ճանապարհով: Բայց մեծ հաշվով դա նրանց եւ միայն նրանց խնդիրն է: Հարցն այն է, սակայն, որ դրա համար նրանք ընտրել են շատ տարօրինակ, բայց եւ տարածված մի ճանապարհ. առաջացած լարվածության մեղավորությունը բարդել երրորդ կողմի` լրատվամիջոցների, հասարակության, իրենց լավը չուզող ինչ-որ անհասկանալի ուժերի վրա` խաղարկելով շաբլոնային փրկօղակ դարձած դավադրության տեսությունը: Եվ դա այն դեպքում, երբ հենց իրենք են ստեղծում տեղեկատվական խայծերը, իրենք են իրենց հայտարարություններով, գործողություններով, տեղեկատվական արտահոսքերով բորբոքում իրադրությունը, փորձում ճնշում գործադրել մեկմեկու վրա եւ դիվիդենդներ շահել դրանից»:

«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Ներիշխանական հակասությունների գոնե առաջին փուլը կարելի է ավարտված համարել` այս պահին ԲՀԿ-ի նկատմամբ ՀՀԿ-ի փաստացի հաղթանակով: Այդ մասին է վկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` երեկ լրատվամիջոցներից մեկով տարածված հարցազրույցը… ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության հաջորդ փուլը, կամ, ինչպես Գ. Ծառուկյանն է սիրում ասել` «հաջորդ դասը», ամենայն հավանականությամբ, կավարտվի նրանով, որ վերջինս կհայտարարի 2013 թ. նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, ինչն արձանագրված է նրա կողմից մեջբերված նույն հուշագրում: Ի դեպ, Գ. Ծառուկյանի երեկվա հարցազրույցը եւս մեկ թիրախ ուներ: Նա փաստորեն հրաժարվեց ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի` համագործակցության հեռակա առաջարկից, որի մասին վերջինս ակնարկում էր եւ հոկտեմբերի սկզբի, եւ անցած ուրբաթ օրվա հանրահավաքում` նշելով, որ ՀԱԿ-ը խորհրդարանում «ծանրակշիռ ներկայություն» ապահովելով միայնակ կամ այլ ուժերի հետ համագործակցությամբ` պետք է ձգտի Ս. Սարգսյանի իմպիչմենթի գործընթացին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հիշո՞ւմ եք, այս տարվա մայիսից սկսած, երբ իշխանությունների հետ երկխոսություն էր ընթանում, ով ասես կողքից աղմուկ էր բարձրացնում, թե բա ո՞ւր մնացին ձեր վճռական գործողությունները, մենք ավելի վճռական ենք, մենք ավազակապետության հետ չենք բանակցում, եւ այլն: Հոկտեմբերի 28-ի հանրահավաքում, ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարեց` մենք մտնելու ենք խորհրդարան եւ պահանջելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսինքն` իմփիչմենթի գործընթաց ենք նախաձեռնելու: Եվ ի՞նչ: Զավեշտն այն է, որ առաջինը խայծը կուլ տվեցին դաշնակցականները ու երկու օր չանցած` հայտարարեցին, թե բացառված է, որ Կոնգրեսի հետ համագործակցեն: Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում: Ավելի քան երկու տարի է, ինչ ՀՅԴ-ն իբր ընդդիմություն է: ՀՅԴ-ն իբր պայքարում է հանուն իշխանափոխության: Ու երբ մեկ այլ քաղաքական ուժ` Հայ ազգային կոնգրեսը, հայտարարում է, թե մտադիր է ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը բարձրացնել, սրանք «էս գլխից» բացառում են, որ կմիանան Կոնգրեսին: Կարող էին, չէ՞, դրա փոխարեն հայտարարել, թե իրենք էլ են մտադիր այս հարցը բարձրացնել, բայց դա կախված է իրենց ստանալիք քվեներից եւ այլն: Բայց եթե այդպիսի բան ասեին, իրենց ո՞վ կթողներ խորհրդարան»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Երեւանի քաղաքապետարանը երկու շաբաթ առաջ պաշտոնապես ազդարարեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում շենքերի լվացման եւ ներկման այս տարվա աշխատանքներն ավարտելու մասին: Սակայն պարզվում է, որ այդ աշխատանքների գումարները մինչեւ օրս չեն վճարվել: Ըստ լուրերի, Երեւանի շենքերի ճակատները բարեկարգած 20-ից ավելի ընկերություններին քաղաքապետարանի ղեկավարությունը պարբերաբար հորդորել է սպասել` խոստանալով, որ առաջիկայում նրանց գումարները կփոխանցի»:
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG