Մատչելիության հղումներ

«Մեր միտումն է` փոքր եւ միջին բիզնեսի վրա հարկային բեռը թեթեւացնել»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին:

ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի ավարտին, որը կայացել է շաբաթ օրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ասել է, թե կառավարության մշակած եւ Ազգային ժողով ներկայացվելիք հարկային փաթեթը միտված է թեթեւացնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը:

«Մենք ներկայացնում ենք մի այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել եւ այդ գումարները բերել պետական բյուջե: Նաեւ մեր փաթեթում ներառված են մեկ տասնյակից ավելի օրենսդրական առաջարկություններ եւ փոփոխություններ, որոնք պարզեցնում են հարկային վարչարարությունը եւ ստեղծում են փոքր եւ միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ միջավայր: Դա նշանակում է, որ մեր միտումն է փոքր եւ միջին բիզնեսի վրա հարկային բեռը թեթեւացնել եւ այդ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան մեծ եկամուտներ», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը ասաց, թե իր տպավորությամբ «այս անգամ կառավարությունը կարծես թե սեւեռվել է խոշոր բիզնեսի վրա»:

Սակայն այս պարագայում եւս տնտեսագետը խնդիրներ է տեսնում փոքր ու միջին բիզնեսի համար. - «Որովհետեւ այն ոլորտներում, որտեղ գործում է փոքր բիզնեսը, շատ մեծ մրցակցության աստիճան կա, եւ իրենք ստիպված են լինելու իրենց շահույթների հաշվին հարկերը բարձրացնել: Իսկ գերիշխող դիրք գրավող սուբյեկտների մոտ խնդիր մի քիչ այլ է` իրենք հանգիստ կարողանում են այդ հարկային ծանրաբեռնվածությունը գցել սպառողների վրա` ինչքան հարկերը բարձրացնում ես, այնքան իրենք սպառողներից ավելի շատ գումար են վերցնում»:

Ֆինանսաների փոխնախարար Վարդան Արամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե գալիք տարվա պետբյուջեով նախատեսված 4.2 տոկոս տնտեսական աճը եւ «տնտեսությունում ստեղծված ապրանքների ու ծառայությունների գների աճը» կօգնեն հավաքել լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկն ու տուրքը:

Հիշեցնենք` 2012 թվականի պետբյուջեով նախատեսված է այս տարվա համեմատ գալիք տարի պետբյուջե հավաքել մոտ 101 միլիարդ դրամով ավելի հարկ ու տուրք:

Վարդան Արամյանը փոխանցեց, թե շատ բան կախված կլինի գալիք տարվա տնտեսական աճից. - «Ես կարող եմ ասել, որ 101 միլիարդից մոտավորապես 60-70 միլիարդը տնտեսական ցուցանիշի արդյունքում է լինելու»:

Արամյանի խոսքով, հարկային եկամուտների աճ ակնկալվում է նաեւ վարչարարության խստացման եւ օրենսդրական փոփոխությունների արդյուքնում:

Օրենսդրական փոփոխությունների մասով նշենք, որ այս հոկտեմբերի 27-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց հարկային եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը, ինչպես նշված է կառավարության պաշտոնական կայքէջում, «ուղղված է հարկային եկամուտների ավելացմանը, գործարար միջավայրի բարելավմանը եւ ստվերային տնտեսության դեմ պայքարին»։

«Մենք կարծում ենք, որ 101 միլիարդի մնացած մասը` 25-30 միլիարդը լրացվելու է մեր այս գործողությունների արդյունքում: Այսինքն` հարկային վարչարարության բարելավում գումարած օրենսդրական փոփոխություններ», - ասաց փոխնախարարը:
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG