Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ամենահայտնի թուրք մտավորականներից մեկը


Արդեն երրորդ օրն է, ինչ Հայոց ցեղասպանության մասին մի շարք գրքեր հրապարակած թուրքական Belge հրատարակչության հիմնադիր Ռագըփ Զարաքօլուն Ստամբուլի բանտում է:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականին մեղադրում են Աբդուլա Օջալանի ղեկավարած Քրդական աշխատավորական կուսակցության հետ առնչությունների մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ակոսի» հայկական էջի խմբագիր Սարգիս Սերոբյանը նշում էր․ - «Զարաքօլուն ազգությամբ քուրդ չէր, սակայն այդ կուսակցության համակիրն էր»։

Թուրքական դատախազությունը պնդում է, որ Զարաքօլուն կապեր է ունեցել Օջալանի կուսակցությանը մաս կազմող «Քրդական հանրությունների միություն» կոչվող կառույցի` KCK-ի հետ։ Թուրքական հատուկ ծառայությունները պնդում են, որ այս կազմակերպությունն իրականում հանդիսանում է Քրդական աշխատավորական կուսակցության թեւը, որն իր գործունեությունը հիմնականում ծավալել է երկրի խոշորագույն բնակավայրերում, նախեւառաջ՝ Ստամբուլում։ Մոտ 1 ամիս առաջ նույն կառույցին անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել էր նաեւ Զարաքօլույի որդին:

«Ակոսի» խմբագրի խոսքով, Զարաքօլուն կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները։

«Ոստիկանությունը պնդում է, որ Զարաքօլուն մի շարք գաղտնի հակապետական ժողովների է մասնակցել: Որպես ապացույց ոստիկանները ներկայացրել են Զարաքօլույի հեռախոսազանգերի գաղտնալսումները», - նշում է Սերոբյանը:

Թուրք իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունները, սակայն, հայտարարում են, որ Զարաքօլույի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի: Հրատարակչի ձերբակալությունը դատապարտող հայտարարություններ են տարածել Մարդու իրավունքների թուրքական ընկերակցությունը, Հրատարակիչների միությունն ու Գործող լրագրողների ընկերակցությունը։

«Թուրքական ժողովրդավարության համար կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ այն իրողությունը, երբ լրագրողները, սյունակագիրներն ու հրատարակիչները ճաղերի ետեւում են հայտնվում զանգվածային ձերբակալությունների արդյունքում», - նշված է Թուրք հրատարակիչների միության՝ երեկ տարածած հայտարարության մեջ:

Սարգիս Սերոբյանը նշում է, որ Զարաքօլուն խոսքի ազատության եւ մարդու իրավունքների բավական ակնառու պաշտպաններից մեկն էր։

«Այդ իսկ պատճառով էլ նրանք ցանկանում են պատժել: Սա հստակ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործ է», - համոզված է «Ակոսի» խմբագիրը։

Ռագըփ Զարաքօլուն իր գրահրատարակչական գործունեության համար մի քանի անգամ ենթարկվել է դատական պատասխանատվության: 2005-ին Զարաքօլույի դեմ քրեական գործ հարուցվեց պատմաբան Դորա Սաքայանի «Հայ բժիշկը Թուրքիայում» աշխատության թուրքական տարբերակի հրատարակության համար: Այս աշխատությունը պատմում էր 1922 թվականին քեմալական ուժերի կողմից Զմյուռնիայում (Իզմիր) իրականացված ջարդերի մասին: Մեկ այլ հայազգի հեղինակի` Լոնդոնում բնակվող Ջորջ Ջերջյանի «Ճշմարտությունը կազատագրի մեզ» գրքի համար եւս Զարաքօլույի դեմ քրեական գործ հարուցվեց 301 հոդվածով: Հետագայում այս երկու հետաքննությունները միավորվեցին մեկ միասնական քրեական գործի շրջանակներում։ 2008-ին Զարաքօլուն մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով 5 ամսվա ազատազրկման, սակայն հետագայում դատարանը պատիժը փոխարինեց տուգանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG