Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը չի շտապում Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ հայտնել


Հայաստան -- Կենտրոնում՝ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը «Օրանժ Արմենիա» ընկերության գրասենյակի բացման ժամանակ, արխիվ, 5-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստան -- Կենտրոնում՝ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը «Օրանժ Արմենիա» ընկերության գրասենյակի բացման ժամանակ, արխիվ, 5-ը նոյեմբերի, 2009թ.
Հանրապետական կուսակցության կազմակերպած տնտեսական կոնֆերանսին մասնակցող Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց պատասխանել այն հարցին, թե Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո ո՞վ կլինի Երեւանի քաղաքապետի հաջորդ թեկնածուն:

Հարցին, թե Տարոն Մարգարյանը գիտի՞ թե ով է լինելու քաղաքապետի թեկնածուն եւ անձամբ ինքը լինելո՞ւ է այդ թեկնածուն, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը պատասխանեց․ - «Ես ՀՀԿ անդամ եմ, եւ ՀՀԿ խորհուրդը կորոշի, թե կուսակցության կողմից ո՞վ իր թեկնածությունը կառաջադրի։ Խորհրդի նիստը երբ որ լինի, այն ժամանակ ես կխոսեմ»։

Տարոն Մարգարյանը չմանրամասնեց, թե ե՞րբ է լինելու ՀՀԿ-ի խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի Երեւանի քաղաքապետի թեկնածության հարցը։

Ավելի ուշ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնեց, որ երկուշաբթի երեկոյան կայանալու է ՀՀԿ-ի խորհրդի նիստ, որի ընթացքում չի բացառվում, որ կքննարկվի նաեւ քաղաքապետի թեկնածուի հարցը։

«Եթե խորհրդի անդամներից որեւէ մեկը բարձրացրեց այդ հարցը, այն կքննարկվի», - մասնավորապես, ասաց Գալուստ Սահակյանը։

Օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին, տվյալ դեպքում մեծամասնություն կազմող Հանրապետականին:

Ներկայումս առավել հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը եւ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո՝ ուրբաթ օրվանից, ստանձնել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG