Մատչելիության հղումներ

Արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից դատապարտել է Ադրբեջանին


Հոկտեմբերի 29-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

ԻՆչպես հաղորդում է արտգործնախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը, համաժողովին Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:

Համաձայն արտգործնախարարության տարածած հաղորդագրության, իր ելույթում Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար:

Նախարարը նաեւ հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ եւ գոհունակություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ:

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրել է հաջորդ տարի նշվելիք Հայկական գրահրատարակչության 500-ամյա տարեդարձի եւ Երեւանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման շրջանակներում նախատեսվող միջոցառումների մասին եւ նրան այդ կապակցությամբ հրավիրել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG