Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ


Ս. Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահի եւ Ծառուկյանի հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00
Երկու օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է հանդիպում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ։

Այդ մասին այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեցին խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին փոխանցեց, թե հանդիպումը եղել է ոչ թե միայն Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ղեկավարների միջեւ (Գագիկ Ծառուկյանից բացի հանդիպմանը «Բարգավաճ Հայաստանից» մասնակցել է նաեւ պատգամավոր Վարդան Բոստանջյանը): Նա ասաց, որ քննարկումը կոալիցիոն էր, եւ մասնակցել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը: Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորհրդարանի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ասաց, թե նախագահի մոտ կայացած քննարկմանը իրենց կուսակցությունից մասնակցել են կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը եւ ինքը:

Ե՛վ Գալուստ Սահակյանը, ե՛ւ Նաիրա Զոհրաբյանը այսօր պնդեցին, թե նախագահի հետ հանդիպմանը քաղաքական հարցեր չեն քննարկվել։

Գալուստ Սահակյան
Գալուստ Սահակյան
«Այդտեղ քննարկվել են միայն ու միայն օրինագծեր։ Հանդիպումը եղել է, բայց ոչ քաղաքական», - հայտարարեց Գալուստ Սահակյանը ու մանրամասնեց, թե ինչ օրինագծեր են քննարկվել․ - «20-25 օրինագծեր, ասենք, օրինակ, Ընդերքի մասին օրենքը։ Պատմե՞մ այդ օրենքից»։

Իր հերթին Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե քննարկվել են բացառապես բյուջեին եւ հարկային նոր փաթեթին վերաբերող հարցեր:

«Կոալիցիայի ներսում մենք տեւական ժամանակ է՝ քննարկում ենք հարկային փաթեթը», - ասաց ԲՀԿ-ի ներկայացուցիչը։ - «Քննարկումների հերթական փուլը, բացառապես հարկային փաթեթի վերաբերյալ, տեղի է ունեցել հանրապետության նախագահի մոտ, որտեղ կոալիցիայի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Բացառապես քննարկվել են բյուջեին առնչվող հարցեր»։

Վերադառնալով «կոտրած տաշտակին»


Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի այս չորեքշաբթի արած հայտարարությանը, թե այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Հանրապետականի հետ՝ կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում շրջանառվող մեկնաբանությունների համաձայն, վարչապետի խոսքը նախեւառաջ ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Այս կապակցությամբ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկանալով որեւէ գնահատական տալ, ընդամենը փոխանցեց, թե «հարգարժան վարչապետի ասածին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքերով` «զի քո է արքայություն եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն»:

Եվ ահա, այսօր առավոտյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը տարածեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանի խոսքը, ով, մասնավորապես, ասել է. - «Շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը Հանրապետության Նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բան մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»:

Նաիրա Զոհրաբյանը, լրագրողներին ներկայացնելով վարչապետի մամուլի քարտուղարի այս խոսքերը, ավելացրեց․ - «Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»։


Զոհրաբյանը Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի հանդիպումից տեղյակ չէ


Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան
Վերջերս մամուլում գրվում էր նաեւ, թե հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եղե՞լ է նման հանդիպում, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․ - «Նման հանդիպում չի եղել, ես ինքս նման հանդիպումից բացարձակապես տեղյակ չեմ»։
please wait

No media source currently available

0:00 0:05:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG