Մատչելիության հղումներ

«Տիկին Ազատությունը» 125 տարի լուսավորում է աշխարհը


Ազատության արձանը Նյու Յորքում
Ազատության արձանը Նյու Յորքում

Ուրբաթ օրը Նյու Յորքում հանդիսավորությամբ նշելու են Ամերիկայի ամենամեծ քաղաքի եւ ամբողջ երկրի խորհրդանիշը դարձած արձանի հոբելյանը։

1886 թվականի հոկտեմբերի 28-ին Նյու Յորքի նավահանգստում` Մանհեթենի մոտակայքում գտնվող Բեդլոու կղզում տեղադրվել է Ազատության արձանը, որի պաշտոնական անունն է` «Ազատությունը լուսավորում է աշխարհը»։ Կղզուն էլ ժողովուրդը տվել է ազատության անունը, եւ 1956 թվականից այն պաշտոնապես անվանվել է Ազատության կղզի։

Արձանը, որը կերտել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Բարտոլդին, պատկերում է Լիբերետասին` հռոմեական աստվածուհուն, ով վեր պարզած աջ ձեռքում պահում է ջահը։ Ձախ ձեռքում` օրենքների հուշամատյանն է, որի վրա փորագրված է «1776 թվականի հուլիսի 4» տարեթիվը։

Ֆրանսիան այդ արձանը Ամերիկային է նվիրել ամերիկյան հեղափոխության 100-ամյակի առիթով։ Պայմանավորվածության համաձայն` Ֆրանսիան պարտավորվել էր կառուցել եւ ապամոնտաժված վիճակում նավերով Ամերիկա փոխադրել եւ տեղադրել արձանը, իսկ Ամերիկան պարտավորվել էր կառուցել պատվանդանը։

«Տիկին Ազատության» գլխին թագ է, որի արձակած 7 ճառագայթները խորհրդանշում են աշխարհի 7 ծովերն ու մայրցամաքները։ Մի ոտքով «Տիկին Ազատությունը» տրորում է կոտրված շղթաները։

Արձանի բարձրությունը 46 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին` 93 մետր։

Փարիզի արվեստի եւ արհեստների թանգարանում տեղադրված է արձանի փոքր պատճենը, իսկ Էյֆելյան աշտարակից ոչ հեռու տեղադրված է նաեւ 11-մետրանոց պատճենը, որը դեմքով ուղղված է դեպի Արեւմուտք` իր «նյույորքցի քրոջ» կողմը։ «Տիկին Ազատության» այդ մի տարբերակն էլ որպես բարեկամության արտահայտության պատասխան նշան` 1889 թվականին ամերիկացիներն են սարքել եւ նվիրել ֆրանսիացիներին։

Արձանի փոքրացված պատճենները կան աշխարհի տարբեր քաղաքներում։

Նյու Յորքի նավահանգստում տեղադրված «Լեդի Լիբերթի»-ն ընդգրկված է ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

1883 թվականին ամերիկացի բանաստեղծուհի Էմա Լազարուսը արձանին նվիրել է «Նոր հսկան» վերնագրած բանաստեղծությունը, որն ունի այսպիսի տողեր. - «Ինձ ուղարկեք անօթեւաններին, հալածյալներին, որբերին եւ աղքատներին, ես բարձրացնում եմ ջահը ոսկե դարպասի մոտ»։

Միլիոնավոր մարդկանց համար այդ արձանն է դարձել Ատլանտյան օվկիանոսը ուղեւորատար կամ բեռնատար նավերով անցնելով` Ամերիկա հասնելու եւ նոր մայրցամաքում նոր կյանք սկսելու երազանքի իրականացման ամենաառաջին նշանը։

125-ամյակի առիթով արձանն արդիականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոգով. ջահի հատվածում տեղադրվում են տեսախցիկներ։ Օրուգիշեր աշխատող եւ ինտերնետին միացված այդ տեսախցիկների օգնությամբ մարդիկ աշխարհի ցանկացած անկյունից կարող են տեսնել Նյու Յորքի տեսարանը, նավահանգիստը եւ նույնիսկ ինքը ջահը։

Այսօր արձանի 125-ամյակի առիթով Ազատության կղզում տեղի կունենան հանդիսավոր արարողություններ, որոնց կմասնակցեն քաղաքական եւ հասարակական գործիչներն ու անվանի արվեստագետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG