Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն չարձագանքեց վարչապետի զգուշացմանը


Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը կոալիցիոն հուշագիր են ստորագրում, 17 փետրվար, 2011
Եթե խորհրդարանական ընդդիմությունը անակնկալի է եկել վարչապետի անկեղծությունից, ապա «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս չի շտապում հստակ արձագանք տալ Տիգրան Սարգսյանի «կոտրած տաշտակի առջեւ կանգնելու» զգուշացմանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը չցանկացավ որեւէ գնահատական տալ, ընդամենը փոխանցեց, թե «հարգարժան վարչապետի ասածին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքերով` «զի քո է արքայություն եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն»:

Ի տարբերություն ԲՀԿ-ի աստվածաշնչյան արձագանքին` խորհրդարանական ընդդիմությունը` Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը նշում են, որ վարչապետը շատ պարզ տեքստով ասաց, որ ով Հանրապետականին եւ Սերժ Սարգսյանին կսատարի, կշահի, ով` չէ, կզրկվի ամեն ինչից:

«Այո', շատ ճիշտ է ասում, ովքեր հայտնվել են նախագահի աթոռի շուրջ, այս երկրում ամեն ինչի տեր են, տիրապետում են պետական ռեսուրսներին, եւ բնականաբար, շահում են, ովքեր` ոչ, հայտնվել են դուրս այդ տարածքից, մատնված են բախտի քմահաճույքին, եւ կոտրած տաշտակի առաջ: Շատ ճիշտ է բնորոշել: Երեւի մեզնից ավելի լավ այս գնահատականը հենց ինքը տվեց, այսինքն հստակ գիծ կա` բաժանել երկիրը, ժողովուրդը` յուրայինների եւ օտարների: Յուրային են բոլոր նրանք, ովքեր իրենց հետ համագործակցում են, օտար են եւ կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ նրանք, ովքեր իրենց հետ համաձայն չեն, եւ բնականաբար, պայքարելու են իրենց դեմ: Եթե հաշվի, տեսնի, թե որքանն են, որ այդ թիմի հետ չեն, կտեսնի, որ իսկապես 99 տոկոսը այդ թիմի հետ չեն, եւ ուրեմն ինքը` վարչապետ լինելով փաստում է, որ իր ժողովրդի 99 տոկոսը կոտրած տաշտակի առաջ է: Մի քիչ անակնկալի եմ եկել իր անկեղծությունից», - ասաց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ընդդիմադիր «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ կարծում է, որ վարչապետն այս կերպ զգուշացրեց բոլոր նրանց` թե' Հանրապետականին, թե' «Բարգավաճ Հայաստան»-ին, որոնք կփորձեն դավաճանել իրենց ճամբարին:

«Իսկ ով մեզ հետ չէ, նրա ձեռքից կխլենք ամեն ինչ, խելո'ք մնացեք, հիշե'ք Գռզոյին` Խաչատուր Սուքիասյանին, հիշե'ք բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք սկզբից Հանրապետականի հետ էին, հետո անցան հակառակ դաշտ, ինչ եղավ նրանց հետ, ձեզ հետ էլ նույնը կլինի: Սա միայն ԲՀԿ-ին չի վերաբերվում, իմ կարծիքով, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր հանկարծ կփորձեն սատարել Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Բախշյանը, ով կարծում է, թե ԲՀԿ-ի ընտրություն կատարելու հարցում դեր կունենա այն, թե «ով ում վրա ինչ հաստությամբ դոսյե ունի կուտակած»:

Հաշվի առնելով վարչապետի այս հայտարարությունը` Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ առաջիկայում լինեն լուրջ վերադասավորումներ: Ըստ նրա` եթե փորձ է արվելու «պատը պատին» տրամաբանությունը խորացնել, ապա այդ իրավիճակում կարող են առաջանալ անսպասելի եւ ֆորս մաժորային իրադարձություններ: Ռուստամյանի փոխանցմամբ, ամեն մի ազդեցություն առաջացնում է հակազդեցություն, եւ հիմա եթե կենտրոնացնում պետք է տեղի ունենա իշխանությունների վերարտադրման ճամբարում, ապա համապատասխան կենտրոնացում կառաջանա բոլոր նրանց մոտ, ովքեր այսօրվանից մտածում են օր առաջ կանխել այս իշխանությունների վերարտադրումը: «Նրանց թվում է նաեւ Դաշնակցությունը», - ասաց Ռուստամյանը:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը չի բացառում նաեւ, որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը դուրս գա կոալիցիայից: Նրա համոզմամբ` այդ կերպ ԲՀԿ-ն կպահպանի իր ինքնուրույնությունը:

«Ըստ էության, եթե քաղաքական ուժը փորձելու է իր ինքնուրույնությունը, նա չի կարող համակերպվել խաղի այսպիսի կանոնների հետ: Փետրվարյան հուշագիրը նշանակում էր, որ այլեւս չպիտի խոսենք կոալիցիոն իշխանության մասին, այլ պետք է խոսել նախընտրական դաշինքի մասին: Հիմա այդ տրամաբանությունը զարգացնում է վարչապետը` «մի մոռացեք, որ մենք մեկ թիմ ենք, պետք է իշխանությունը վերարտադրենք` Հանրապետականի դոմինանտ գերիշխանության պայմաններում նախագահի շուրջ»: Սա շատ հստակ է: Այն քաղաքական ուժերը, որոնք կենթարկվեն խաղի այդպիսի կանոններին, այլեւս նրանց ինքնուրույնության մասին խոսելն անիմաստ է դառնում», - ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի որոշելու հարցն է` վերադառնալ քաղաքականություն ԲՀԿ-ի միջոցով, թե` ոչ: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա Դաշնակցական պատգամավորի համոզմամբ` հաշվի առնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անկեղծ հայտարարությունը, դրանից բոլորը պետք է եզրակացություն անեն` հասկանալով, որ միակ ճանապարհը օր առաջ այս իշխանություններից ազատվելն է, եւ այս առումով ընդդիմադիր դաշտը լուրջ անելիքներ ունի, որպեսզի կանխի այս ձեւով իշխանությունների վերարտադրումը:

Ուշագրավ է, որ վարչապետի «տաշտակի» մասին հայտարարությանը չցանկացավ արձագանքել «Օրինաց երկիր» կուսակցությունը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ վարչապետի ասածը իրենց չի վերաբերում:

«Քանի որ վարչապետի ասածը մեծ չի վերաբերվում, ուստի ես գտնում եմ, որ մեկնաբանության անհրաժեշտություն չկա: Մենք համագործակցում ենք 2008 թվականից, կոալիցիոն գործընկերներ ենք», - ասաց Բիշարյանը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG