Մատչելիության հղումներ

Նամազով․ «Ադրբեջանի միջազգային ազդեցության աճը կուժեղացնի Բաքվի դիրքերը կարգավորման հարցում»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրությունների ժամանակ, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2011թ.
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրությունների ժամանակ, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2011թ.
«Թեեւ Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացի միջեւ ուղղագիծ կապ չկա, սակայն այդ կարգավիճակով պայմանավորված` Ադրբեջանի միջազգային ազդեցության եւ դիվանագիտական հնարավորությունների աճն, անշուշտ, կուժեղացնի Բաքվի դիրքերը կարգավորման հարցում»: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը, ով, հիշեցնենք, հանդիսացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդականը:

Նամազովն ընդհանուր առմամբ համաձայն է Հայաստանում հնչող այն գնահատականներին, որ բանակցություններն ընթացել եւ ընթանալու են Մինսկի խմբի ձեւաչափով, եւ որ ՄԱԿ-ում տեղի ունեցած ընտրություններն ուղղակիորեն չեն անդրադառնալու գործընթացի վրա, սակայն, ըստ նրա, այստեղ հարկ է հաշվի առնել երկու հանգամանք` նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին մանդատը տրամադրվել է հենց ՄԱԿ-ի կողմից։

«Եվ ԵԱՀԿ-ը հենց ՄԱԿ-ի առջեւ է հաշվետու այս հարցում: Իսկ դա նշանակում է, որ ՄԱԿ-ը եւս իր դերն ունի: Բացի այդ, եթե Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցությունները ապագայում եւս լինեն անարդյունք, ապա չի բացառվում միջազգային այլ ձեւաչափերի եւ հարթակների անհրաժեշտություն առաջանա, եւ այդ առումով Միացյալ ազգերի կազմակերպությունը հանդիսանում է ամենահավանական հարթակներից մեկը», - ասաց Էլդար Նամազովը։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր նպատակներից մեկը աշխարհում խաղաղության հաստատումն է: Կարելի՞ է ակնկալել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դարձած Ադրբեջանը, առնվազն առաջիկա երկու տարիներին կմեղմացնի ռազմատենչ հռետորաբանությունը եւ չի ձգտի հարցը լուծել ուժային ճանապարհով» հարցին Էլդար Նամազովը պատասխանեց, թե չի կարծում որ ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականությունն ու, մասնավորապես, քարոզչական քաղաքականությունը լուրջ փոփոխություններ կկրի:

«Ընդհակառակը, հնարավոր է, որ այսուհետ Ադրբեջանն ավելի դինամիկ քարոզչություն իրականացնի: Կարծում եմ, որ Ադրբեջանի կեցվածքի մեջ միայն մի բան կարող է փոփոխություն մտցնել` դա կարգավորման գործընթացում իրական տեղաշարժն է: Դա կլիներ Ադրբեջանի մոտեցման փոփոխության ամենալուրջ գործոնը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Էլդար Նամազովը:

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետի` Ռաուֆ Ռաջաբովի կարծիքով, Ադրբեջանի միջազգային նոր կարգավիճակի համատեքստում խոսել ղարաբաղյան հարցում նրա ստացած հնարավոր առավելությունների մասին թերեւս ճիշտ չէ, քանի որ նման դատողություններն ավելի շուտ էմոցիաների ոլորտից են:

«Անշուշտ, ճիշտ է, որ Մինսկի ձեւաչափը խնդրի կարգավորման թերեւս միակ հարթակն է, բայց ոչ ոք չի արգելել հարցը նաեւ այլ կառույցներում քննարկելու եւ լուծման ուղիներ գտնելու առումով ինչ-որ դրական տարրեր ներմուծելու բուն հնարավորությունը», - նշեց ադրբեջանցի քաղաքագետը՝ հավելելով, թե սա այն հարցն է, որի լուծումը ոչ թե ինչ-որ ձեւաչափերի փնտրման կամ փոփոխման մեջ է, այլ կողմերի իրատեսական մոտեցման եւ խնդիրը լուծելու, երկու ժողովուրդների հաշտեցման իրական ցանկության մեջ:

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այն կարծիքին է, որ միջազգային հանրությունը թերեւս կարող է հույս ունենալ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակը կնվազեցնի Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու խնդիրը ուժի գործադրմամբ կարգավորելու ցանկությունը:

«Բայց ես այդ հարցում հոռետես եմ, եւ չեմ կարծում, որ նման մտայնությունը կաշխատի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քաղաքագետը։ - «Ադրբեջանը կշարունակի իր նախկին վարքագիծը։ Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ-ի Անվտանգության ոչ մշտական խորհրդի կազմում տեղի է ունեցել բոլորովին այլ քաղաքական գործընթացների արդյունքում եւ ղարաբաղյան համատեքստում չի անդրադառնա խորհրդի օրակարգի վրա»։

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG