Մատչելիության հղումներ

Ալիեւ. «ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի տեղը նաեւ Թուրքիային է պատկանում»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվային լուսանկար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվային լուսանկար
Ադրբեջանական գազը Եվրոպա կարտահանվի Թուրքիայի տարածքով: Այս մասին համաձայնագիրը երկու երկրների էներգետիկայի նախարարներն ու էներգետիկ պետական ընկերությունների ղեկավարները ստորագրեցին երեքշաբթի երեկոյան թուրքական Իզմիր քաղաքում:

Թուրք - ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Իզմիր էին ժամանել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ըստ թուրք- ադրբեջանական համաձայնագրի` Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրի արդյունահանման երկրորդ փուլի ընթացքում Թուրքիայի տարածքով դեպի եվրոպական շուկա կարտահանվի մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս ծրագրի իրականացումը կմեկնարկի 2017 թվականին:

Մինչ այդ, Ադրբեջանը դարձավ Թուրքիայում երբեւիցե իրականացված խոշորագույն ներդրման հեղինակը։ Պաշտոնական Բաքուն մոտ 5 միլիարդ դոլար է պատրաստվում ծախսել Իզմիրից ոչ հեռու գտնվող Պետքիմ թերակղզում նավթամշակման գործարանի կառուցման վրա:

«Այս տարի Ադրբեջանը տոնում է իր անկախության 20-ամյակը։ Կարող եմ ասել, որ այս ծրագրի իրագործումը շրջադարձային կետ է մեր երկկողմ հարաբերություններում: Ադրբեջանը շարունակելու է սերտացնել տնտեսական կապերը եղբայրական Թուրքիայի հետ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Խոսելով Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու մասին, Իլհամ Ալիեւը ասել է. - «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի տեղը նաեւ Թուրքիային է պատկանում»:

Ընդհանուր առմամբ, կողմերը երեքշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձել են թուրք - ադրբեջանական համագործակցության բոլոր առանցքային խնդիրներին` Ղարաբաղյան հակամարտությունից մինչեւ Հայաստանը շրջանցող Ախալքալաք - Կարս երկաթուղու շինարարությունը: «Շուտով մենք կբացենք նաեւ այդ երկաթգիծը, որը կկապի Կենտրոնական Ասիայի պետությունները Եվրոպայի հետ», - նշել է Ռեջեփ Էրդողանը` հիշեցնելով, որ այս երկաթուղու շինարարության մոտ 60 տոկոսն արդեն իսկ իրականացվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG