Մատչելիության հղումներ

Իզմիրում թուրք-ադրբեջանական նավթավերամշակման գործարան է կառուցվում


Այսօր Իզմիրում տեղի է ունեցել նավթամշակման գործարանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

TRT Haber հեռուստակայանի հաղորդագրության համաձայն, կառուցվելիք գործարանը պետք է հումք արտադրի Petkin նավթա-քիմիական համալիրի համար, որի 51 տոկոսի փայատերը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է։

Վարչապետ Էրդողանի փոխանցմամբ, նավթամշակման գործարանը կապահովի հազար աշխատատեղ, իսկ կառուցմանը կմասնակցի շուրջ տասը հազար մարդ։

«Այս ներդրումը կխորացնի մեր երկու երկրների համագործակցությունը», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Նրա խոսքերով, Ադրբեջանը եւ Թուրքիան իրականացնում են համատեղ բազմաթիվ ծրագրեր, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ արդեն ավարտական փուլում գտնվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

Այսօրվանից կառուցվող նավթամշակման գործարանի արժեքը կազմում է շուրջ հինգ եւ կես միլիարդ դոլար։ Շինարարներն այն շահագործման կհանձնեն չորս տարի հետո։

Day.az կայքի փոխանցմամբ, հիմնարկեքի հանդիսավոր արարողության ընթացքում վարչապետ Էրդողանն ասել է, որ իր երկիրը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես աջակցելու է Ադրբեջանին։

«Թուրքիան ուս ուսի տված պայքարելու է Ադրբեջանի հետ, քանի դեռ վերջ չի տրվի Լեռնային Ղարաբաղի գրավմանը»,- հայտարարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ավելացնելով, որ տարածաշրջանում Անկարայի եւ Բաքվի նպատակը միայն խաղաղության եւ կայունության վերականգնումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG