Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Հայաստանը պատրաստ չէ դիմագրվել ճգնաժամի նոր ալիքին»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ` իրականում, աշխարհը դուրս չի եկել ֆինանսատնտեսական ճգնաժամից, եվրագոտում տեղի ունեցողը ճգնաժամի շարունակությունն է, իսկ Հայաստանի տնտեսությունն էլ պատրաստ չէ դիմակայել միջազգային ֆինանսական ճգնաժամի նոր ալիքին:

Նախկին վարչապետը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ ըստ պաշտոնական վիճակագրության` 2009-ին Հայաստանի տնտեսությունը անկում գրանցեց 14.4 տոկոսով, 2010-ին թեեւ 2.6 տոկոս աճ գրանցեց , սակայն, ըստ Բագրատյանի, անցած տարի աշխարհում տնտեսության միջին աճը ավելի բարձր էր:

«Հայաստանը չի կարողանում զարգանալ, նույնիսկ 2010-ին, երբ ասվեց, որ Հայաստանը ունեցել է 2.6, հետո` 2.1 տոկոս ՀՆԱ-ի աճ... իրականում ՀՆԱ-ի նկատմամբ պետք է պահանջ դնել` համաշխարհային միջինը եղել է 5.1 տոկոս: Եթե դուք միջինից ցածր եք զարգացել` 2.1, դուք մինուս 3 եք», - ասաց Բագրատյանը:

Ըստ Հրանտ Բագրատյանի` Հայաստանի տնտեսության զարգացմանը, բացի ավանդական խոչընդոտներից (մոնոպոլիստական համակարգ, հարկային ու մաքսային ոչ բարենպաստ դաշտ, կոռուպցիա), սկսել է լրջորեն խանգարել նաեւ աշխատուժի մեծացող արտագաղթը երկրից:

«Մենք ունենք 3-4 երկիր աշխարհում` Հայաստան, Լատվիա, Ուկրաինա, այս երկրներում ճիշտ հակառակն է, կա աշխատուժի դեֆիցիտ, բայց ոչ թե գալիս են մեզ մոտ աշխատելու, այլ այդ դեֆիցիտային շուկայից աշխատուժը մեկնում է: Իշխանություններին թվում է, թե դրսից փող է գալիս, մարդկանց թիվն էլ պակասում է, ավելի քիչ թվով մարդիկ է պետք է, խնդիրը հեշտանում է, բայց նրանք չեն էլ մտածում, որ այսօր եթե նույնիսկ հասարակ ծիրանի այգի են ուզում մարդիկ տնկել, աշխատուժ չեն գտնում գյուղերում», - ասաց Բագրատյանը:

Նախկին վարչապետը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի կառուցվածքի վրա, թե ըստ Բագրատյանի, կառավարությունն ինչպես է կարողանում ապահովել ՀՆԱ-ի աճը:

«Ինչ մի գլուխ գովելու բան է հանքարդյունաբերության հաշվի ՀՆԱ աճեցնելը, դա վատ բան է` ապագա սերունդներին զրկում ենք ապրելու հումքից: Այս տարի մինչեւ հուլիս կամ օգոստոս տվել են բնությունը շահագործելու մի քանի հարյուր լիցենզիա, եւ իրենք հայտարարեցին, որ միայն այս տարի տվածը մի քանի անգամ ավելի է, քան մի քանի տարին իրար հետ վերցրած: Հիմա մյուս տարի էլ մի քանի 100-ի տեղը մի քանի 1000 կտան: Թող հանեն այս եւ մյուս տարվա սպասվելիք աճից հանքարդյունաբերությունը եւ ԱՊՊԱ-ն, տեսնենք տակը ինչ կմնա՞, եթե հանում ենք սրանք, տեսնում ենք անկում», - ասաց նախկին վարչապետը:

Բացասական գնահատելով միջազգային ֆիանանսատնտեսական ճգնաժամի հնարավոր նոր ալիքին Հայաստանի տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված կառավարության քայլերը` Հրանտ Բագրատյանը ներկայացրեց իր կանխատեսումները:

«Դրությունը չի հաջողվի լավացնել, անհնարին է լավացնել: Անպայման կավելանա կապիտալի արտահոսքը երկրից, տրանսֆերտների հաշվին հնարավոր է կուրսը պահել, դժբախտաբար անընդհատ կուրսը դրա հաշվին է պահվում, որի իրավունքը չկա, դա արհեստական կուրս է, դրամը կայուն կմնա, բյուջետային պրոբլեմներ ունենք անընդհատ, մենք բյուջեն չենք կատարել այս տարի եւ չենք կատարելու: Այսինքն, մենք կտեսնենք, որ բյուջեն չի կատարվի` խրոնիկ», - ասաց Բագրատյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG