Մատչելիության հղումներ

Ատոմակայանի աշխատողների ազատումը «անվտանգության խնդիրներ չի առաջացնում»


Մեծամորի ատոմակայանի ղեկավարման վահանակը
Մեծամորի ատոմակայանի ղեկավարման վահանակը
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ Մեծամորի ատոմակայանի աշխատողների` աշխատանքից ազատումն ու բոյկոտը ատոմակայանում անվտանգության խնդիր չեն առաջացնում: Հարությունյանն ասաց` այժմ ատոմակայանի ռեկատորը սառեցված է եւ չի աշխատում:

«Ատոմակայանի ռեակտորը սառեցված է եւ այն չի աշխատում, կանգնած է պրոֆիլակտիկ նորոգման եւ վերալիցքավորման: Նորոգման աշխատանքները այդ մարդիկ արել են, ավարտել են մինչեւ այս երեք օրը` հոկտեմբերի 20-ը, 21-ը: Ատոմակայանում նորմալ, բնականոն վիճակ է», - ասաց Հարությունյանը:

50 տոկոսով աշխատավարձի բարձրացում պահանջող Մեծամորի ատոմակայանի աշխատողներից մի մասն այսօր հանդիպում է ունեցել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Լուսինե Հարությունյանը նշեց, որ նախարարը կոնկրետ առաջարկություն է արել` առանց դրա բովանդակությունը մանրամասնելու: Մինչդեռ նախարարի հանդիպումից հետո ատոմակայանի արդեն նախկին աշխատողներից Կարեն Կարապետյանը լրագրողներին ասաց, որ նախարարն առաջարկել է որոշակի չափով բարձրացնել աշխատավարձերը` եւս չմանրամասնելով, թե որքան: Հետո այլ աշխատողները ասացին, որ նախարարի առաջարկը վերաբերում է 20 տոկոս բարձրացմանը: Կարեն Կարապետյանը նշեց, թե ատոմակայանի աշխատողները պետք է միասին քննարկեն նախարարի առաջարկը: Նախարարի հետ բանակցողներին սպասող մյուս աշխատակիցները քննարկումից հետո ընդհանուր համաձայնության չեկան. - «Դեռ տնօրինության հետ պիտի զրուցենք, մի քանի հոգու համար չէ սա, պերսոնալ կա, բոլորով պիտի որոշենք», - ասացին նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG