Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը չի բացառում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, եթե այս ուժը փորձի «խզել անցյալի հետ իր կապերը» եւ պատրաստ լինի «ռեժիմի դեմ պայքարի ելնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հնարավոր երկու ուժերի համագործակցությունը, եթե Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը կոալիցիայից դուրս գա եւ գործի Ռոբերտ Քոչարյանից անկախ:

«Դա կախված է նրանց կեցվածքից. եթե նրանք քայլեր անեն, որոնք ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, անցյալի հետ փորձում են խզել իրենց կապերը եւ գիտակցել են, որ այս ռեժիմը վտանգավոր է Հայաստանի պետականության գոյության համար, պատրաստ են գոնե քաղաքականապես աջակցել ռեժիմի դեմ այս համաժողովրդական շարժմանը, այո, ինչո՞ւ չէ», - հայտարարեց Զուրաբյանը:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակի ամբիոնից իր ելույթում, անդրադառնալով Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հակասություններին եւ համոզմունք հայտնելով, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող Ռոբերտ Քոչարյանին հենարան դառնալ, միաժամանակ հայտարարել էր. - «Որպես կուսակցություն, ես համարում եմ, որ մենք շատ ավելի պետք է հաշվի նստենք ԲՀԿ-ի հետ, որովհետեւ դա` ինչ էլ ասեք` կուսակցություն է. իսկ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, դա օպորտունիստների մի խումբ է, որը Քաջ Նազարի բախտով եկել է իշխանության եւ մտածում է, որ հավերժ պետք է պահպանի այդ իշխանությունը»:

Հարցին, թե արդյո՞ք սա կոալիցիայի կազմից դուրս գալու կոչ էր` ուղղված ԲՀԿ-ին, Զուրաբյանը պատասխանեց. - «Հիմա դուք դա կարող եք վերաբերել միայն ԲՀԿ-ին, բայց ընդհանրապես մենք համարում ենք` այսօր քանի որ գլխավոր խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, դրանից հետո մենք համարում ենք, որ դուռը կբացվի ժողովրդավարության հաստատման համար, կարող եք համարել սա կոչ բոլոր ուժերին, հասարակության բոլոր շերտերին, կազմակերպություններին, մարդկանց, որոնք անգամ հարմարվել են այս ռեժիմին կամ համագործակցել են նրա հետ: Գալիս են վճռորոշ, օրհասական պահեր պետականության համար, երբ արդեն անգամ կարեւոր էլ չէ, թե անցյալում ինչ վարքագիծ է որդեգրել կամ այն ուժը, այսօր պահն է, որ նրանք գիտակցեն, որ այսպես շարունակել հնարավոր չէ, պետք է սկսեն այս ռեժիմի կազմաքանդումը»:

Ի պատասխան այն դիտարկմանը, թե արդյո՞ք ԲՀԿ-ն եւս օլիգարխիկ ռեժիմի մաս չի կազմում, Զուրաբյանը ասաց. - «Իհարկե, կազմում է, բայց ցանկացած զենք, որ կարելի է օգտագործել, պետք է օգտագործվի: Խոսքը գնում է այն քաղաքական իշխանության կազմաքանդման մասին, որը սպասարկում է օլիգարխիային: Երբ ժողովուրդը այսպիսի անհաշտ պայքարի մեջ է սեփական բռնապետական ռեժիմի հետ, ընդդիմությունը, համաժողովրդական շարժումը պետք է փնտրի ցանկացած հնարավորություն ռեժիմից ինչ-որ մասեր պոկելու, բերելու համաժողովրդական շարժման կողմը»:

Լեւոն Զուրաբյանը վկայակոչեց Լիբիայի օրինակը ի պատասխան այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ:

«Լիբիայի անցումային խորհրդի ղեկավարները, ըստ էության իր [Մուամար Քադաֆիի] թիմակիցներին էին, կուսակիցները, ինչը ցույց է տալիս, որ այո', երբ գնում է դիկտատուրայի դեմ պայքար, այդ դիկտատուրայինց ինչ-որ մասեր կարող են պոկվել», - ասաց Զուրաբյանը:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, օրինաչափ համարելով իշխանական դաշտի խմորումները, կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը եւ առանձին մասնակցությունը ընտրություններին քաղաքական ողջ դաշտին է ձեռնտու:

«Ես առաջին հերթին նկատի ունեմ այն, որ բազմաբեւեռ ընտրությունների ժամանակ ընտրությունները համեմատաբար ավելի արդար կլինեն, այսինքն մրցակցային դաշտը որոշակիորեն արդարության հնարավորություն կստեղծի: Մյուս կողմից, եթե այսքան բանից հետո ստորագրվի նոր հուշագիր, այսպես կոչված լայն, մեծ կոալիցիա ձեւավորելու համար, ընդդիմությունը գերլարումով պարտադրված է լինելու ինչ-որ տեղ համախմբվել, այլ կերպ հնարավոր չի լինի», - ասաց Հակոբյանը:

«Ինձ համար մի քիչ անհասկանալի է ՀՀԿ-ի կեցվածքը, կամ պահանջը, կամ մեղադրանքը ԲՀԿ-ին, որ իբր՝ եթե ստորագրել եք հուշագիր, ապա պարտավոր եք կատարել այդ հուշագրի պահանջները. այլ խոսքով ասած՝ ձեռք եք բերել, պիտի խաղաք», - հավելեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը. - «Սա քաղաքական մոտեցում չէ, սա «տղայական» կեցվածք է, ես այդ մոտեցման մեջ շանտաժ եմ տեսնում: Այդ դեպքում ես կարող եմ բնակչության կողմից հարցնել ՀՀԿ-ին՝ եթե ստորագրել եք հուշագիր` պարտավորվելով վերջ տալ կոռուպցիային, բարելավել ժողովրդի վիճակը, բարեփոխումներ իրականացնել եւ այլն, դուք ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր ստորագրությանը…»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը «նոնսենս» որակեց իշխանական դաշտում վերջին երեք- չորս տարում կատարվող գործընթացները, համոզմունք հայտնելով, որ դրանք «քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն»:

Հարցին, թե «Ժառանգություն»-ը հնարավո՞ր է պատրաստակամություն հայտնի միանալ կամ համագործակցել ԲՀԿ-ի հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. - «Ես ընդհանրապես համագործակցություն դիտում եմ բոլոր այն ուժերի հետ, որոնք կողմ կլինեն արդար ընտրություններ անցկացնել: Այստեղ ես տեսնում եմ դաշտ, որ բոլոր ուժերը կարող են համախմբվել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG