Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ոստիկանապետին մեղադրում է Վարդգես Գասպարիից վրեժխնդիր լինելու մեջ


Գասպարիի ձերբակալությունը ոստիկանապետի վրեժխնդրությո՞ւն
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00
Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու փաստի առիթով Հայ ազգային կոնգրեսը երեկ երեկոյան տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. - «Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության ապօրինի պահվածքը, հատկապես նկատի ունենալով, որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ Գասպարին մասնակցել է հարյուրավոր բողոքի ակցիաների եւ ոստիկանության հետ ունի մշակված վարվելակերպ, որը ամբողջությամբ տեղավորվում է օրենքի շրջանակներում։

«Բնականաբար նա երբեք չի խախտել օրենք եւ երբեք չի տրվել այն սադրանքներին, որ շատ հաճախ գործում են ոստիկանները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարապետյանը։ - «Քաղաքական գնահատականը այն է, որ հերթական անգամ ոստիկանապետը իրեն թույլ տվեց ներքաշել քաղաքական գործընթացների մեջ եւ ինչպես դա եղավ Տիգրան Առաքելյանի պարագայում, սա երկրորդ դեպքն է, երբ վրեժխնդիր է լինում անձամբ ոստիկանապետը»։

Ինչ վերաբերում է կառավարության շենքից ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դուրս գալու պահին նաեւ Վարդգես Գասպարիի հնչեցրած որակումներին, ապա Վլադիմիր Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ՝ «այն, ինչ մշտապես հասցեագրում է քաղաքական գործիչներին կամ իշխանություններին Վարդգես Գասպարին, դա տեղավորվում է քաղաքական գործունեության շրջանակներում»։

Նախօրեին կառավարության շենքից ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դուրս գալու պահին հնչած որակումների վերաբերյալ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ունի իր մեկնաբանությունը։

«Եթե անվանվել է խուլիգան Ալիկ Սարգսյանը, եւ նա վիրավորվել է, ապա կարող է համապատասխան ընթացակարգով դիմել համապատասխան ատյաններ», - նշեց պատգամավորը՝ հավելելով․ - «Ես էլ եմ անվանում իր գործողությունները որպես խուլիգանական, որովհետեւ ինքս ականատես եղա, թե ինչպես էր նա հրում քաղաքացիներին, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում»։

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀԱԿ-ը պատրաստվում է իրավական հարթությունում եւս աջակցել Վարդգես Գասպարիին:

Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին ձերբակալվել էր երեկ` զոհված զինծառայողների ծնողների եւ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից կառավարության շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ: Գասպարին կասկածվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հեռուստահաղորդումների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սեւակ Միլիտոնյանը «Ազատություն» ռադիկոյանին ասաց, որ այս պահի դրությամբ հետաքննությունը շարունակվում է։

please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG