Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատգամավոր. «Հանրապետականը «Բարգավաճ»-ով չէ ուժեղ»


Հանրապետական կուսակցության համաժողով, արխիվային լուսանկար
Հանրապետական կուսակցության համաժողով, արխիվային լուսանկար
Իշխող Հանրապետական կուսակցությունը ուրբաթ երեկոյան ամենայն հավանականությամբ կհրավիրի գործադիր մարմնի նիստ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց Հանրապետականի խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Սահակյանն ասաց` լուրջ քաղաքական խնդիրներ պետք չէ փնտրել այն բանում, որ նիստը տեղի չունեցավ հինգշաբթի օրը, ինչի մասին ասուլիսում հայտարարել էր հանրապետական պատգամավորը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, պատճառը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայությունն էր:

«Դա իմ անձնական կարծիքն է. Եվրախորհրդի խորհրդարանների նախագահների հավաքն էր, եւ Հովիկ Աբրահամյանը` որպես ԱԺ նախագահ, մասնակցում էր այդ կարեւոր միջոցառմանը: [Նիստը] հետաձգվեց մեկ օրով, եւ այսօր կարող է տեղի ունենալ այդ նիստը, որեւէ խնդիր չկա», - ասաց հանրապետական պատգամավորը:

Այն, որ այսօր երեկոյան հանրապետականները հավաքվելու են, հաստատեց նաև կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ-ի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սակայն, նրա փոխանցմամբ, դա ոչ թե գործադիր մարմնի նիստ է, այլ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ խորհրդակցություն, որին հնարավոր է ներկա գտնվի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Գալուստ Սահակյանն ասաց, թե նման խորհրդակցությունները օրակարգ չեն ունենում:

«Պարզապես ամեն շաբաթ հավաքվում ենք, քննարկում ենք, վերլուծում ենք, ինֆորմացիա ենք փոխանակում. սենսացիոն որեւէ բան չկա», - ասաց Սահակյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է նաեւ այսօր երեկոյան քննարկեն նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի` կոալիցիայից դուրս գալու հարցը, որը վերջին օրերին քաղաքական դաշտում ամենաքննարկվող խնդիրն է եղել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Նման հարցերը նախ նման սցենարներով չեն քննարկվում, երկրորդը` մեր բոլոր քննարկումներում են ե'ւ Հանրապետական կուսակցությունը, ե'ւ ԲՀԿ-ն, ե'ւ մյուս կուսակցությունները, ե'ւ քաղաքական գործընթացները, ե'ւ նախընտրական վերլուծականները. կոնկրետ որեւէ բան չենք քննարկում, եւ կարծում եմ, որ նման պարագայում որոշումներ էլ չենք կայացնի»:

Հանրապետականի քաղխորհրդի անդամ Հովհաննես Սահակյանն էլ, անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի առջեւ ուլտիմատում է դրել (այսինք Գագիկ Ծառուկյանը կամ պետք է հայտարարի, որ սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, կամ հակառակ դեպքում պետք է դուրս գա կոալիցիայից), ասաց, թե Հանրապետականը ուլիտմատում դնելու խնդիր չունի, քանի որ կուսակցությունը այսօր իբրեւ քաղաքական ուժ իր կազմակերպվածության առումով շատ ավելի առաջ է, քան նախորդ ընտրություններից առաջ:

«Խնդիր չկա, որպեսզի պայման դրվի: Ես կարծում եմ, որ մենք մտավախություն չունենք որեւէ առումով, որ 2013 կամ 2012 թվականի ընտրություններում մենք կարող ենք որոշակի խոչընդոտներ ունենալ այս կամ այն քաղաքական ուժի պատճառով, եւ դրանից ելնելով պետք է պայման դնենք», - ասաց Սահակյանը:

Ի պատասխան այն հարցին, թե ՀՀԿ-ն կտուժի՞, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, Սահակյանն ասաց. - «Բայց Հանրապետականը «Բարգավաճ»-ով չէ ուժեղ, եկեք փաստենք` մենք առանձին քաղաքական ուժ ենք, ԲՀԿ-ն էլ առանձին քաղաքական ուժ է, եւ չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցության այսօրվա ուժեղությունը պայմանավորված է նաեւ ԲՀԿ-ով, որովհետեւ տարածքներում, տեղերում մենք ունենք մեր ծրագրերը, մեր խնդիրները, ունենք մեր առանձին գրասենյակները, ԲՀԿ-ն էլ ունի իր առանձին գրասենյակները, իր ծրագրերը, եւ որեւէ մեկի առկայությունը պայմանավորված չէ մյուսի գոյությամբ»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների մասին խոսակցություններին եւ հնարավոր զարգացումներին, ապա Հովհաննես Սահակյանն ասաց, թե իբրեւ իրավաբան եւ քաղաքական գործիչ իր համար հիմք է այս տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրը, որտեղ կողմերը արձանագրում են, որ 2013-ին պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը, եւ առայժմ այդ հուշագրից բացի այլ փաստաթուղթ չի ստորագրվել կամ այլ հայտարարություն չի արվել:

«Եվ եթե կան լուրջ, սկզբունքային խնդիրներ, որոնք կարող են լարվածություն մտցնել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, իմ կարծիքով` ե'ւ Հանրապետականը, ե'ւ «Բարգավաճ Հայաստան»-ը կարող են իրենց մեջ կամք, ուժ գտնել եւ բարձրաձայն արտահայտել այն բոլոր խնդիրներ, որոնք առկա են այսօր, եւ հայտարարությանը հետեւի նաեւ որոշակի գործողություններ», - ասաց Սահակյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG