Մատչելիության հղումներ

Տնտեսագետ Սամվել Ավագյանի գնահատմամբ Հայաստանը «միանշանակ հաղթահարել է ռեցեսիան»


Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարության գնահատականներով այս տարվա առաջին ինը ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համախառն ներքին արդյունքը աճել է 5%-ով:

«Կարեւոր է, որ մենք ունենք աճ արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում։ Դեռեւս խնդիրներ կան շինարարության ոլորտում, որտեղ մենք արձանագրում ենք անկում, բայց չնայած այդ անկմանը, ընդհանուր առմամբ, մեր գնահատականներով 9 ամսվա կտրվածքով մենք ունենք 5 տոկոսանոց համախառն ներքին արդյունքի աճ», - նշեց վարչապետը։

Հիշեցնենք` այս տարվա պետբյուջեով նախատեսված է, որ 2011թ.-ին Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը պետք է 4.6%-ով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը, անդրադառնալով վարչապետի այդ հայտարարությանը, մասնավորապես, նշեց, թե չնայած ճգնաժամից հետո Հայաստանում շարունակում է խնդիր մնալ գործազրկության մակարդակը եւ կենսամակարդակը, կարելի է ասել, որ Հայաստանը «միանշանակ հաղթահարել է ռեցեսիան»:

«Այս առումով, եթե աճի նման տեմպերը պահպանվեն, հույս ունենք, որ հաջորդ տարի մենք այդ ճգնաժամային երեւույթները վերջնականապես կհաղթահարենք», - նշեց տնտեսագետը՝ հավելելով․ - «Ինչ վերաբերում է նրան, որ վերադառնանք նախաճգնաժամային տարիների աճի տեմպին, դա միանգամայն իրատեսական է, եթե վերցված վարկային ռեսուրսները վերջնականապես իրենց հատույցը տան, որովհետեւ Հայաստանը ճգնաժամից հետո տարեկան մոտ 1 միլիարդ դոլարի վարկային ռեսուրս է վերցրել, 2.5 միլիարդ դոլարով ավելացրել է իր արտաքին պետական պարտքը ու ներդրել է տնտեսության մեջ։ Այս առումով սպասելի է, որ հատույցը լինի համարժեք»։

Իր հերթին տնտեսագետ Բաբկեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ՀՆԱ-ի աճը Հայաստանում, ցավոք սրտի, չի նշանակում, թե Հանրապետության տնտեսությունը ամրապնդվում է, քանի որ տնտեսությունն ունի դիվերսիֆիկացման լուրջ խնդիր:

«Այսինքն, հնարավոր է, որ համախառն ներքին արդյունքը երկնիշ աճի, ինչպես եղել էր նախորդ տարիների ընթացքում, բայց տնտեսությունը ավելի խոցելի դառնա ու ավելի թույլ։ Կախված է՝ ըստ առանձին ոլորտների ինչ զարգացումներ ենք ունենում», - նշեց Բաբկեն Թունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG