Մատչելիության հղումներ

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին իր սահմանապահի սպանության կապակցությամբ


Իրանում Ադրբեջանի դեսպան Ջեւանշիր Ախունդովը այսօր կանչվել է Իրանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել երկու երկրների սահմանին հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով իրանցի սահմանապահ է զոհվել։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով իրանական İRİB News-ի հաղորդագրությունը։

Նոտայում ասված է, որ ադրբեջանցի սահմանապահների գործողությունները դիտարկվում են որպես միջազգային օրենքների խախտում, դրանք վնաս են հասցնում երկկողմ համաձայնություններին եւ բարիդրացիական հարաբերություններին։ Իրանական կողմը պահանջում է պատժել մեղավորներին։

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ խոստացել նոտան փոխանցել իր պետության պաշտոնական կառույցներին։

Ադրբեջանական կողմը երեկ հաղորդել էր Իրանի տարածքից սահմանի խախտման փորձի մասին, որը կանխելու համար ադրբեջանցի սահմանապահները զենք են կիրառել զինվորական համազգեստով սահմանախախտի նկատմամբ։ Վերջինս վիրավորվել է եւ, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, մահացել հիվանդանոցի ճանապարհին։

Իրանը պնդում է, որ իր 18-ամյա զինծառայողը սխալմամբ է հայտնվել ադրբեջանական տարածքում եւ զինված չի եղել։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպի քննության համար Բաքու կմեկնի Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարության ներկայացուցիչը։

Հաղորդվում է նաեւ, որ որոշվել է դեպքի վայրում երկու երկրների սահմանապահ զորքերի հրամանատարությունների հանդիպում կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG