Մատչելիության հղումներ

Լուժկովը քննադատում է Մեդվեդեւին


Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2008թ. - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկով
Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2008թ. - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկով
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը երկու ժամանոց հարցազրույց է տվել` խոսելով, մասնավորապես, Պուտին - Մեդվեդեւի փոխատեղման մտադրությունների եւ իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի մասին։

«Ինձ թվում է, այդ ընթացակարգը` նախագահի պաշտոնի Պուտինի ռոտացիան, համենայն դեպս, ավելի ճիշտ է, քան եթե նախագահի պաշտոնի համար առաջադրվեր Մեդվեդեւը», - ասել է Լուժկովը` քննադատության տակ առնելով Մեդվեդեւին։

«Մեդվեդեւը ցույց է տվել իր անընդունակությունը երկրի հարցերը լուծելու գործում։ Ես կարող եմ ասել, որ Մեդվեդեւի վարչապետությունը Ռուսաստանի համար կլինի նույնքան դրամատիկ բացասական, որքան Մեդվեդեւի ներկայիս նախագահությունը։ Մեդվեդեւը պատրաստ չէ լուծելու երկրի կառավարման խնդիրները պետական բարձր մակարդակով։ Սա վերաբերում է ոչ միայն նախագահի պաշտոնին, այլ նաեւ` վարչապետի», - ասել է Լուժկովը` կարծիք հայտնելով, թե Մեդվեդեւը որպես վարչապետ շատ թույլ կլինի։

Նրա խոսքերով, Ռուսաստանին հիմա անհրաժեշտ է փոխել իշխանությունը` փոխելով նախագահին, կառավարության ղեկավար նշանակել մի մարդու, որը կվերականգնի Ռուսաստանի տնտեսությունը. - «Ոչ թե նավթով ու գազով, ոչ թե բնական պաշարների հաշվին, այլ` սովորական ապրանքներով, սովորական արտադրությամբ: Սկսած գյուղմթերքներից, վերջացրած ավտոմեքենաների, օդանավերի, նավերի, էլեկտրոնիկայի, լայն սպառման ապրանքների, դեղորայքի եւ այլ արտադրությամբ` այն ամենի, ինչը մենք, փաստորեն, ամբողջովին կորցրել ենք: Սովորական գյուղմթերքների 70 տոկոսը ներկրում ենք։ Իմիջիայլոց, պետությունը դրա վրա հենց այն գումարներն է ծախսում, այն դոլարները, որ ստանում է նավթից»:

Ռուսաստանի իշխող կուսակցության մասին, որի հիմնադիրներից մեկն էլ Լուժկովն էր, բայց կուսակցությունից հեռացավ պաշտոնանկությունից հետո, Մոսկվայի նախկին քաղաքապետը ասել է, թե «Եդինայա Ռոսիա»-ի հեղինակությունը այսօր փլուզվում է. - «Նույնիսկ կարելի է ասել` արմատապես է փլուզվում»։

«Եդինայա Ռոսիա»-ն, Մեդվեդեւի հետ կամ առանց Մեդվեդեւի, լուրջ դաս կստանա եւ աջակիցների ձայների լուրջ կորուստ կկրի: Որովհետեւ «Եդինայա Ռոսիա»-ն իշխանական կուսակցություն չէ, չի պաշտպանել մարդկանց, չի պաշտպանել ժողովրդին, այլ սպասարկել է կառավարությանը, սպասարկել է նախագահի աշխատակազմին», - հայտարարել է Լուժկովը։

Նրա բնորոշմամբ` «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարները թույլ են, «գորշ»` իրենց կազմակերպչական եւ մտավոր ունակություններով։ Իսկ Բորիս Գրիզլովը, Լուժկովի խոսքերով, մի անձնավորություն է, որը միշտ սպասարկում է եւ ընդունակ չէ սեփական դիրքորոշում ունենալ, նա «այդ կուսակցության ոչ թե առաջնորդն է, այլ` կուսակցության վարիչը»։

Յուրի Լուժկովը 18 տարի Ռուսաստանի մայրաքաղաքը ղեկավարելուց հետո անցած տարվա սեպտեմբերի 28-ին պաշտոնանկ արվեց երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով` նախագահի «վստահությունը կորցնելու» ձեւակերպմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG