Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը քննադատում է ոստիկանության գործողությունները


Իրավապաշտպան Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը միտում է տեսնում ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու մեջ։ Այդ մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

«Սա միանշանակ ոչ օրինական է, ապօրինի էր, որովհետեւ, նախ եւ առաջ, հենց ոստիկանապետը իր պահվածքով, իր վերաբերմունքով արդեն իսկ պաշտոնատար անձին ոչ վայել վարքագիծ դրսեւորեց, եւ հենց իրենք են բռնություն գործադրել Լալա Ասլիկյանի նկատմամբ, որին ի արձագանք` բնականաբար, Վարդգես Գասպարին, որը կողքին կանգնած էր, իր վերաբերմունքը արտահայտեց», - փոխանցեց Սաքունցը, ով ներկա էր հինգշաբթի օրվա բողոքի ցույցի ամբողջ ընթացքին։

«Վարդգես Գասպարիի արտահայտությունները, կարծիքները առաջին անգամը չէ, որ ինքը արտահայտում է, բայց նախորդ անգամները նման վերաբերմունք չի եղել ոստիկանության կողմից, իսկ տվյալ դեպքում պետք է ասել հետեւյալը, որ ոստիկանապետը անձամբ հրամայեց, որ Վարդգես Գասպարիին վերցնեն», - ընդգծեց իրավապաշտպանը` եզրակացնելով. - «Այսինքն` սա ուղղակի ցուցում էր վերջին օրերին թե՛ «Հայլուր»-ով եւ թե՛ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանի կողմից այդ հաթաթաների տրամաբանության մեջ, եւ քանի որ ոստիկանությունը ինքը միշտ կատարող մարմին է, այսինքն` գործիք է քաղաքական իշխանության ձեռքին, այդ գործիքը կատարեց իր գործառույթը, այն է` ոտնձգություն եւ բռնություն խաղաղ ցուցարարի նկատմամբ եւ այն նախաձեռնության ակտիվ մասնակիցներիս նկատմամբ, որը բարձրացնում է լուրջ խնդիրներ բանակում սպանությունների, մարդու իրավունքների խախտման հետ կապված»։

«Այսինքն` սա ուղղված է ոչ թե Վարդգես Գասպարիին, դա ուղղված է հենց «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության դեմ», - ամփոփեց Սաքունցը։

Արթուր Սաքունցի, Լալա Ասլիկյանի, Լեւոն Բարսեղյանի, Զարուհի Փոստանջյանի, Լենա Նազարյանի եւ Սոնա Այվազյանի կողմից հինգշաբթի օրը «Հանցագործության մասին» հաղորդում է ներկայացվել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, որում, մասնավորապես, ասված է. - «2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջեւ կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին եւ ընթանում էր խաղաղ մինչեւ այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները եւ, հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան եւ վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսեւորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը: Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել եւ տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները եւ ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից»:

«Գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար», - ասված է հաղորդման մեջ։

Հինգշաբթի օրը տեղի ունեցածին արձագանքել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` մասնավորապես, հայտարարելով. - «Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել ոստիկանական ապօրինությունների դեմ պայքարելու վճռականությամբ, միեւնույն ժամանակ ընդգծված օրինապաշտ կեցվածքով։ Սառնասրտորեն դիմակայելով ոստիկանների սադրանքներին, Վարդգես Գասպարին այսօր նույնպես գործել է օրենքի տառին համահունչ։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է Ոստիկանության ապօրինի պահվածքը, համարելով, հատկապես նկատի ունենալով որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։ Ինչպես եւ Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ»։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է «անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ պատժել Ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք, օրենքի խախտմամբ ազատազրկել են նրան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG