Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը հարցադրումներ է ուղարկել կառավարությանը` «Դարեսկիզբ» ընկերության հայցի առնչությամբ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցադրումներ է ուղարկել Հայաստանի կառավարությանը` կապված 2008 թվականի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն սահմանելու հրամանագրով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու դրույթի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրատարակող «Դարեսկիզբ» ընկերությունը դեռեւս 2008 թվականի դեկտեմբերին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` վիճարկելով 2008-ի մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որով սահմանափակվել էր լրատվամիջոցների գործունեությունը: Հենց այդ հրամանագրով շուրջ 20 օրով դադարեցվեց լրատվամիջոցների գործունեությունը, ինչը «Հայկական ժամանակ»-ը տպագրող ընկերությունը դիտարկում է իբրեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի` ազատ արտահայտվելու իրավունքի խախտում: Ընկերությունը նաեւ նշում է, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը, քանի որ հայաստանյան բոլոր դատական ատյանները` ներառյալ սահմանադրական դատարանը, հրամանագրի վիճարկման հետ կապված իրենց հայցը հրաժարվել են քննել: Մինչդեռ եվրոպական դատարանը հետաքրքրություն է ցուցաբերել այս հայցի նկատմամբ եւ արդեն իսկ սկսել է կոմունիկացիոն փուլը` հարցադրումներ ուղարկելով Հայաստանի կառավարությանը:

Դատարանը, մասնավորապես, հարցրել է, թե արդյո՞ք 2008 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության կողմից ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը համատեղելի էր Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի հետ, այսինքն արդյո՞ք այդ պահին առկա էր պատերազմ կամ այլ արտակարգ իրավիճակ, որը սպառնալիք էր ներկայացնում պետությանը: Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության նաեւ հարցնում է, թե արդյո՞ք լրատվամիջոցների գործունեության սահմանափակող դրույթը ուղղակիորեն բխում էր իրավիճակի խիստ անհրաժեշտությամբ, արդյո՞ք այդ հրամանագրով խախտվել է հայցվորի ազատ արտահայտվելու իրավունքը, արդյո՞ք այդ միջամտությունը հետապնդում էր օրինական նպատակ եւ այլն:

Անդրադառնալով այս հարցադրումներին` Եվրոպական դատարանում «Դարեսկիզբ» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հարցերի բովանդակությունն արդեն իսկ վկայում է, որ դատարանը հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել:

«Այսինքն դատարանը ուզում է պարզել` ի վերջո արտակարգ դրությունը ինչո՞ւ է մտցվել, ինչո՞ւ են սահմանափակվել լրատվությունը եւ ինչո՞վ էր դա պայմանավորված, արդյո՞ք դա նախատեսված էր օրենքով, արդյո՞ք դա օրինաչափ նպատակ էր հետապնդում, եւ արդյո՞ք այդ սահմանափակումը կիրառվել է այն դեպքում, երբ կար պատերազմի կամ պետության գոյությանը սպառնացող վտանգ: Ինձ թվում է` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն էլ պարզ է, որ նման վտանգներ չեն եղել, հետեւաբար կարելի դատողություն կազմել արդեն հիմա, որ միգուցե մենք լավ շանսեր ունենք հաղթելու», - ասաց Աթանեսյանը:

Փաստաբանի փոխանցմամբ` եթե Եվրոպական դատարանը ճանաչի, որ Ռոբերտ Քոչարյանը իր հրամանագրով թույլ է տվել Եվրոպական կոնվենցիայի խախտում, ապա դա կունենա լուրջ իրավական եւ քաղաքական հետեւանքներ:

«Իրավականը այն է, որ իրավիճակը ճիշտ չի գնահատվել մարտի 1-ին, ինքնաբերաբար ընտրությունների արդյունքներ են կասկածելի, այսինքն այն ինչ, որ բոլոր գիտեն` այն, որ արքան մերկ է: Եվրոպական դատարանը կլինի այն մանուկը, որը կասի, որ արքան մերկ է, այսինքն բացահայտ ճշմարտությունը կհաստատվի: Իմ կարծիքով` եթե Եվրոպական դատարանը գոնե մինչեւ նախագահական ընտրություններ իրավական դիրքորոշում արտահայտի եւ ճանաչի կոնվենցիայի խախտում, ապա դա լուրջ իրավական խոչընդոտ կլինի գործող իշխանություններին թե' ընտրությունները կեղծելու, թե' հետագայում ժողովրդի խաղաղ ընդվզումը զինված ճանապարհով ճնշելու համար», - ասաց Աթանեսյանը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ մինչ օրս Ռոբերտ Քոչարյանի այդ հրամանագիրը իրավական լուրջ քննարկման առիթ չի դարձել, եւ հայաստանյան դատական բոլոր ատյանները հրաժարվել են քննել այս գործը, մինչդեռ Եվրոպական դատարանը որոշել է քննել այն: Փաշինյանն ասում է` դատարանում իրենց հաղթելու շանսերը բավական մեծ են:

«Ես կարծում եմ, որ դա եւս մեկ կռվան կդառնա Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցը Հաագայի դատարանում քննելու համար, որովհետեւ դա կլինի արդեն առաջին իրավական եւ անառարկելի ապացույցը, որ Քոչարյանը հանցանք է գործել սեփական ժողովրդի դեմ, որովհետեւ սեփական ժողովրդի արտահայտվելու եւ տեղեկություններ ստանալու ոչ իրավաչափ սահմանափակումը գոնե քաղաքակիրթ աշխարհի մասով շատ լուրջ հանցագործություն է», - ասաց Փաշինյանը:

Հայաստանի կառավարությունը Եվրոպական դատարանի հարցադրումներին պետք է պատասխանի մինչեւ հունվարի 27-ը:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG