Մատչելիության հղումներ

Պետեկամուտների կոմիտեն խուզարկություն է սկսել ՀԷՑ-ի մասնաճյուղերում


Պետական եկամուտների կոմիտեն խուզարկություններ է սկսել այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի 5-րդ խոշոր հարկատուն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերում` ընկերությանը մեղադրելով պետբյուջե մոտ 2 միլիարդ դրամի հարկեր չվճարելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր փոխանցեցին միայն, թե կոմիտեի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ եւ որ «քննության օբյեկտիվությունն ապահովելու նկատառումներով առայժմ ձեռնպահ են մնում մանրամասներ հրապարակելուց»:

Հայտարարություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ուր, մասնավորապես, նշված է, որ երեկ «ընկերության բոլոր մասնաճյուղերում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից անց են կացվել քննչական գործողություններ, մասնավորապես, փաստաթղթերի խուզարկում եւ առգրավում, որոնք հանգեցրել են ընկերության կառավարելիության մասնակի կորստի»: ՀԷՑ-ը նշում է, որ «էլեկտրաէներգետիկական համակարգատեղծ ընկերության ապակայունացումը աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստվելու փուլում կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ համակարգի աշխատանքի վրա»:

«Տվյալ հետախուզական աշխատանքները, համաձայն ներկայացված փաստաթղթերի, անց են կացվում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՊԵԿ քննչական վարչության կողմից: ՊԵԿ-ը գտնում է, որ ՀԷՑ-ը պետբյուջե թերվճարումներ է կատարել շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի (տույժերի ու տուգանքների հետ միասին) մասով 1.9 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վարչական կարգով բողոքարկում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալ որոշումը, քանի որ ներկայացված պահանջները համարում է անհիմն ու օրենսդրությանը հակասող: Ներկայումս բողոքը ուսումնասիրվում է ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովի կողմից», - ասված է հայտարարությունում:

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին ՀԷՑ ՓԲԸ-ն հարկերի ու տուրքերի տեսքով պետբյուջե է մուծել 4 միլիարդ 969 միլիոն դրամ` մոտ 1.7 միլիարդով ավելի, քան ընկերությունը մուծել էր նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

«Ընկերության եւ պետեկամուտների կոմիտեի դիրքորոշումը հարկերի վճարման առումով տարբերում են իրարից: ՊԵԿ-ը ինչ-որ հարցադրումներ ունի, մասնավորապես, որ ՀԷՑ-ը թերվճարումներ է կատարել շահութահարկի, եկամտահակի, ԱԱՀ-ի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով», - ասաց ՀԷՑ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը` հավելելով, որ մինչ խուզարկությունը ՊԵԿ-ը տեղեկացրել էր այդ մասին, եւ ՀԷՑ-ը բողոք էր ներկայացրել ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողով:

Ըստ Սարջանյանի, ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի կողմից իրենց բողոքի քննությունը դեռ չավարտված, կոմիտեի քննչական վարչությունը խուզարկություններ է սկսել ընկերությունում:

Սարջանյանը հերքեց այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տեղ գտած այն տեղեկությունը, թե ՊԵԿ-ի գործողությունները ճնշում են ՀԷՑ-ի նկատմամբ, քանի որ վերջինս հրաժարվել է իր մասնաբաժնի 20 տոկոսը վաճառել որպես գնորդ հայտնված ֆրանսիական մի կազմակերպությանը, քանզի կասկածներ են եղել, որ այդ կազմակերպությունը սերտ կապեր ունի հայ օլիգարխների հետ:

«ՀԷՑ-ի սեփականատերը` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում վաճառել ՀԷՑ-ի բաժնետոմսերը որեւէ կողմի», - ասաց Սարջանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG