Մատչելիության հղումներ

Հայաստանում է Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությունը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը:

Նախագահը ՎԶԵԲ-ի պատվիրակության այցը գնահատել է իբրեւ Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլ եւ բարձր է գնահատել բանկի գործունեությունը երկրում: Նշելով, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձեւավորվել է Հայաստանի անկախացումից ի վեր, եւ տարեցտարի գործակցության շրջանակներն ընդլայնվում են, Սերժ Սարգսյանը խրախուսելի է համարել բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար կարեւոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի: Նախագահի հավաստմամբ, այդ արդյունավետ համագործակցությունը բերում է նաեւ վստահության մեծացման եւ նպաստում երկիր արտաքին ներդրումների հոսքին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ`Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները նախ շնորհավորել են Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ապա նշել, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել` երկրի համար 2012-2015 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման նպատակով քննարկելու համագործակցության առաջնահերթությունները, ծանոթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի կառավարությունն զգալի աշխատանք է իրականացրել երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրանք կարեւորել են հատկապես տեսչական բարեփոխումների, հարկային օրենսդրության բարեփոխման եւ մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում դեռեւս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, եւ ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել դրանց լուծմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG