Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավորը պնդում է` ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ուլտիմատում չի ներկայացրել


ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյան
ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյան
Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետական կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ին ուլտիմատում չի ներկայացրել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ-ն ներկայացնող Ազգային ժողովի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ մի քանի օր է հայաստանյան մամուլը ակտիվորեն անդրադառնում է ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին` ընդգծելով, որ մինչեւ շաբաթվա վերջ Գագիկ Ծառուկյանը կա'մ պետք է հայտարարի, որ 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, կամ հակառակ դեպքում ԲՀԿ-ն պետք է հայտարարի կոալիցիայից դուրս գալու մասին:

Վարդան Բոստանջյանի փոխանցմամբ` իրենց ո'չ նման պարտադրանք է ներկայացվել, ո'չ էլ իրենք կոալիցիայից դուրս գալու հարց են քննարկել:

«Ո՞վ է ասում. ով, որ ասում է դա, ինձ թվում է գլուխը զանազան ձեւերով պատին է տալիս: Ես չեմ իմանում էդ մասին եւ «Բարգավաճ Հայաստան»-ի որեւէ ներկայացուցիչ, անդամ չի իմանում այդ մասին: Ավելին` այդ մասին չի իմանում Հանրապետականի որեւէ պատգամավոր: Ու զարմանալի է, որ ինչ-որ մեկը գիտի այդ մասին», - ասաց Բոստանջյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ն հայտարարի, որ դուրս է գալիս կոալիցիայից առանց որեւէ ուլտիմատումի, Բոստանջյանը պատասխանեց. - «Կոալիցիոն ողջ ինստիտուտը, ըստ էության, հետապնդում է մի նպատակ, որ տվյալ երկրի համար, մասնավորապես, մեր երկրի համար ապահովել հնարավոր կայունություն բոլոր առումներով` սոցիալական, տնտեսական, քաղաքական, իրավական հիմքերի առումով: Բայց դրա վերաբերյալ եւ առումով դեռեւս գոյություն չունի որեւէ մի արտառոց իրավիճակ, որը հանգեցնի նման որոշման»:

Բոստանջյանը հավաստիացրեց, որ այս առնչությամբ ԲՀԿ-ում ընդհանրապես քննարկումներ չեն եղել: Նա ասաց` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածություն չկա:

«Դուք լարվածություն տեսնո՞ւմ եք. ուրեմն ես կարճատես եմ, որ չեմ կարողանում տեսնել», - ասաց Բոստանջյանը:

Հարցին, թե հնարավո՞ր համարում է, որ ԲՀԿ-ի առջեւ դրված լինեն պահանջներ, որոնց մասին ինքը տեղյակ չլինի, Բոստանջյանը պատասխանեց. - «Այո, միգուցե»:

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները թեժացան այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք 2013-ի նախագահական ընտրություններում կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս հարցին ի պատասխան ԲՀԿ ղեկավարն ասել էր` «Այդ մասին հաջորդ դասին»:

Հարցին` եթե երկու ուժերի միջեւ չկա որեւէ խնդիր, ապա ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը որոշակիություն չի մտցնում այդ հարցում եւ չի հայտարարում, որ սատարելու է Սերժ Սարգսյանին, Բոստանջյանը պատասխանեց, թե քանի որ երկար ժամանակ կա մինչեւ նախագահական ընտրությունները, ապա նպատակահարմար չէ այդ մասին խոսել, քանի որ կարող է իրավիճակի փոփոխություններ լինեն:

«Մինչ նախագահական ընտրությունները ունենք բավականաչափ ժամանակ, եւ իրավիճակների հանկարծակի փոփոխություն լինելու պարագայում ցանկացած քաղաքական ուժ լուրջ չի ներկայանում, եթե նետված ասում է մի բան, որը ունի դեռեւս բավականաչափ երկար ժամանակ ասելու», - ասաց Բոստանջյանը:

Գագիկ Ծառուկյանը իր հարցազրույցում նաեւ ասել էր, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «բարոյական իրավունք ունի վերադառնալու ակտիվ քաղաքականություն»: Այդ առնչությամբ Բոստանջյանն ասաց. - «Ընդհանրապես ցանկացած քաղաքացի, այդ թվում եւ մեր երկրում նախագահ եղած անձնավորությունը ունի բոլոր իրավունքները նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը առաջադրելու»:

Բոստանջյան ասաց, թե չի կարող ասել, թե արդյո՞ք հնարավոր է, որ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալ հենց ԲՀԿ-ի միջոցով, քանի որ «այդ աստիճանի կոմպետենտություն, իրազեկություն չունի»:

Հավելենք, որ իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեռեւս պարզ չէ, թե երբ Հանրապետականը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ կհրավիրի, որտեղ պետք է շարունակվեն ներքաղաքական խնդիրների շուրջ քննարկումները:

please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG