Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի երկրների միջեւ ազատ առեւտրի գոտի է ստեղծվում


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Կառավարությունների ղեկավարները նախ ստորագրել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը, որի շուրջ մինչ այժմ քննարկումներ եւ խորհրդակցություններ են անցկացվել անդամ պետությունների համապատասխան մարմինների կողմից, հաղորդում են Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե այս փաստաթուղթը ստորագրվել է անսպասելի կերպով` երկար ու սուր բանավեճերից հետո։

Հայտնի է, որ փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները։ Չեն ստորագրել Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի վարչապետները. ռուսաստանյան լատվամիջոցների վկայությամբ` Պուտինը ասել է, թե նրանք կուսումնասիրեն փաստաթղթին միանալու հնարավորությունը մինչեւ տարեվերջ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի մասնակիցները քննարկել են նաեւ համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման եւ դրա շրջանակում մինչ 2020 թվականը իրականացվելիք ծրագրերի երկրորդ փուլում՝ 2012-2015 թվականների ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:

Կառավարությունների ղեկավարների քննարկած այլ թեմաների թվում եղել է միասնական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման եւ զարգացման նպատակով 2012 թվականին միջոցների հատկացմանն առնչվող հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG