Մատչելիության հղումներ

Ուիլյամ Բըրնս. «Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական լուծում չունի»


ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնս, արխիվային լուսանկար
ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնս, արխիվային լուսանկար
«Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական լուծում չունի», - Բաքու կատարած այցի ավարտին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ավարտին ամերիկացի դիվանագետը ասել է. - «Ղարաբաղյան հիմնահարցը այսօրվա քննարկումների կարեւորագույն թեմաներից մեկն էր: Միացյալ Նահանգները շատ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ] համանախագահի իր ստանձնած դերակատարությանը: Միանշանակորեն համոզված ենք, որ Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի։ Միաժամանակ համոզված ենք, որ առկա ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»։

Խոսելով փաստորեն կիսասառեցված վիճակում գտնվող խաղաղ բանակցությունների մասին` Ուիլյամ Բըրնսը հատուկ ընդգծել է, որ հաջորդ շաբաթ արդեն մեկնարկելու է Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը:

«Միացյալ Նահանգների իշխանությունները` ամենաբարձր մակարդակով, աջակցում են Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացի ուժեղացմանն ու նորացմանը։ Պաշտոնական Վաշինգտոնը կանի հնարավորը` Ղարաբաղյան հիմնահարցը շուտափույթ կերպով լուծելու համար», - նշել է Բըրնսը:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի` Բաքվում ունեցած բանակցությունների թեմաներից էին նաեւ Կասպյան ավազանի էներգետիկ խնդիրներն ու ժողովրդավարության վիճակն Ադրբեջանում: Այս վերջին հարցին անդրադառնալով` ամերիկացի դիվանագետը նշել է, որ պաշտոնական Բաքուն դեռ լուրջ ձեռքբերումներ չի արձանագրել:

«Մենք շարունակում ենք հավատացած մնալ, որ օրենքի իշխանությունը, մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքն ու ամուր ժողովրդավարական հաստատությունների ստեղծումը խորապես բխում են ադրբեջանական ժողովրդի շահերից։ Հստակ է, սակայն, որ այս առումով դեռ շատ անելիք կա», - ընդգծել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG