Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 19-ի մամուլ


«Երկիր» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Հանրապետականները կարծում են, որ քաղաքական կոալիցիաներն ընդմիշտ չեն: Բայց դա ճշմարտության ընդամենը մի մասն է: Մյուսն այն է, որ առհասարակ որեւէ կուսակցություն հարատեւ իշխանություն չի լինում: Մի բան, որի հետ հանրապետականները, կարծես, հաշտվել չեն ցանկանում: Նրանց թվում է, թե ծնվել են որպես իշխանություն և հավերժ լինելու են իշխանություն: Հանրապետականներին կամ ցանկացած որեւէ այլ քաղաքական ուժի՝ իշխանություն մնալու համոզմունք հայտնելուց առաջ նախ անհրաժեշտ է բացատրել, թե իր հատկապես որ որակի, որ ձեռքբերումների ու հաջողությունների համար է արժանի նման ապագայի: Իսկ դա հատկապես այսօր այնքան էլ հեշտ չի լինելու»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ասել է, որ ԲՀԿ-ՀՀԿ հեռակա սպառնալիքները, որ հնչում էին դեռ անցյալ շաբաթվանից, իրականում ընդամենը հոգեբանական գրոհ են: «Հավատո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից» հարցին Բադալյանը պատասխանել է. - «Ես դուրս գալու տրամաբանությունը չեմ տեսնում: Ինչո՞ւ դուրս գա: Ես դա չեմ հասկանում»: Երբ լրագրողը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին վերջնաժամկետ է տվել, եւ դրա ավարտին շատ քիչ ժամանակ է մնում, Բադալյանը պատասխանել է. - «Դա PR նշականություն ունի»: - «Ըստ նրա, Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ ինքն է իշխանության ներսում վերահսկում իրավիճակը եւ ինքն է տերը», - գրում է թերթը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի օրերի ընթացքում կառավարությունը խորհրդարան կուղարկի «հարկային փոփոխությունների փաթեթը»: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքերով, նախատեսվում է հարկային հավաքագրումն ավելացնել «ինչպես հարկային բեռի մեծացման, այնպես էլ ստվերի կրճատման հաշվին»: Իշխանությունները նախատեսել են հարկերի հավաքագրումն ավելացնել մոտ 10-12 տոկոսով: Դա այնքան էլ մեծ թիվ չէ, որովհետեւ Հայաստանի տնտեսության շատ ավելի մեծ մասն է գտնվում ստվերում, եւ եթե ստվերը գոնե կիսով չափ կրճատվեր, այդ 10-12 տոկոս աճը հեշտությամբ կապահովվեր: Բայց իշխանությունները, պարզվում է, մտադիր են դա ապահովել «հարկային բեռի ավելացման հաշվին»: Սա նշանակում է, որ 2012-ին ստվերային տնտեսության ծավալները չեն կրճատվելու, այսինքն օլիգարխիկ-կլանային համակարգը պահպանվելու է»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Տիգրան Սարգսյանը երեկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիրմիր Պուտինի հետ: Տիգրան Սարգսյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել 2009 թվականին Հայաստանին հակաճգնաժամային 500 միլիոն դոլար վարկ տալու համար: Հետաքրքիր է, թե Հայաստանը դեռ քանի տարի է շարունակելու Ռուսաստանին շնորհակալություն հայտնել այդ վարկի համար: այդ իրավիճակը հայտնի «տժվժիկի» պատմությունն է հիշեցնում, եւ Հայաստանի իշխանությունը, թերեւս, այնքան է շնորհակալություն հայտնելու Պուտինին դրա համար, որ խեղճը արդեն Հայաստանի նախագահ կամ վարչապետ տեսնելիս ուղղակի փախչի: Ըստ երեւույթին, Հայաստանի իշխանության մոտ դա հմուտ մարտավարություն է. եթե Պուտինին վախեցնել չի լինում, ուրեմն պետք է զզվացնել»:

«Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Մի ժամանակ խոսվում էր, որ ձգտում եք ոստիկանության պետի պաշտոնին, դեռ շարունակո՞ւմ եք հավակնել»: Գասպարյանը պատասխանում է. - «Ես քրիստոնյա եմ եւ խոնարհ եմ Հայ առաքելական եկեղեցուն, եւ սին է իմ կերպարի համար երազանքների եւ էյֆորիայի մեջ գտնվելը: Ես տաշած քար եմ՝ պրավիլնի ֆորմայի, ոչ գետնին եմ, ոչ պատին, ես ինքն եմ, որ կամ: Եթե իմ կարիքը զգան, մի տեղ հաստատ կկանչեն, տեղս էլ գիտեն, կենսագրությունս էլ, անունս էլ: Թե ոմանք իրենց ցանկությունը որպես իրականություն են ներկայացնում, խնդիր չեմ տեսնում, ոմանք էլ վախենում են. դրանից էլի խնդիր չեմ տեսնում, ես գտնվում եմ իմ տեղում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG